Այս էջը հաստատված է



— Ածիլե երթամ, բե՜, ջանը՜մ։

— Շատ մի խոսա, էստեղ գործ ունիմ,— պատասխանում է Ակոբը և շարունակում է վիճել չարաճճի մանուկների հետ աղվընիկ խաղցնող Պեյրոսի չիլ աղավնու մասին։

— Ծո՛, շուտ ըսե, վո՞վ ըսավ, քըզի կըսիմ,— նորեն հարցնում է Ակոբը մտահոգ։

Ակոբը տխրում է։ Դա նշանակում է, որ Պեյրոսը շուտով առավելություն է ձեռք բերելու։ Պեյրոսի չիլը Դիարբեքիրից են բերել, համարվում է Փոքր Ասիայի ամենաազնիվ ճինսերից մեկը, երկնքից կարող է քաշել տանել որևէ աղավնի, և ահա նա աճել է երկուսով։

Մութը պատում է Ակոբին։

— Չիլի անունը մենծ է, ամա էդքան չէ,— հարում է Ակոբը իրեն մխիթարելու համար, բայց թախիծը թանձրանում է նրա աչքերում։

Հաճախորդը զայրանում է.

— Տ՛ածիլե՞ս, թե չէ,— և հայհոյում է։

Ակոբի աչքերը թարսութուրս են նայում, հաճախորդը վախենում է այդ աչքերից։ Ակոբը հանկարծ կարող է փոխել ածելու իսկական դերը։ Ակոբը մոտենում է հաճախորդին՝ ածելին ձեռքը։

— Ի՞նչ կուզես,— հարցնում է հանգիստ, բայց սարսափելի է այդ հանգիստ տոնը, որովհետև դա զայրույթի բարձրագույն կետն է։

Հաճախորդը մեղմացնում է ձայնը և աղաչական հարում.

— Կուզեմ քի, ածիլես՝ երթամ։

Ակոբը քաշում է սրբիչը, մաքրում հաճախորդի երեսի օճառը և՝

— Վերջացավ, յալլա՜…

Հաճախորդը վեր է կենում նստարանից, ֆեսը դնում և հեռանում, եզրակացնելով, որ ազատվեց ստույգ վտանգից։

— Ուրիշ գործ չունիմ դե՝ իրեն երեսը տածիլիմ,— մրթմրթում է Ակոբը հաճախորդի հետևից։

Մենք հեռանում էինք՝ Ակոբին թողնելով լուռ տանջանքում։ Իսկ նա մի սիգարա էր փաթաթում, քաշում արագ֊արագ, փակում կրպակը, գնում տուն, ճանապարհին աչքերը