Այս էջը հաստատված է

երկնքին, տեսնելու համար թե ո՞ւմ աղավնիներն են ճախրում երկնքում։

Ակոբը տուն գնալուց հետո բարձրանում էր կտուրը, դուրս բերում իր աղավնիները, մոռանում Պեյրոսի չիլը․ ինքն էլ ունի փոքրասիական հռչակ վայելողներ։

Բռնում էր ոմանց, գլխները կոխում բերանը (դա նրա համբուրելու, սիրելու ձևն էր) և բաց թողնում։

Կտուրի վրա, Ակոբի գլխավերևը, զրնգում էին աղավնիների թևաբախումները։ Ամեն մի թևաբախման՝ Ակոբը ներքևից հափշտակությամբ բացականչում էր.

— Օ՜խ, օ՜խ, թևերուդ ղուրբան, օ՜խ…


7

Մի օր, մի պարտված աղավնու տեր կանգնեց Ակոբի դռանը, հետն առած կողմնակիցներին, գրեթե բոլորն էլ Ակոբի աղավնիներից դաղված աղվընիկ խաղցնողներ։

Եկավ կանգնեց և գոռաց,

— Դու՛րս եկուր։

Երբ Ակոբի կինը լսեց գոռոցը և փոքրիկ լուսամուտից տեսավ փողոցում կանգնած աղվընիկ խաղցնողներին, մանավանդ, երբ տեսավ փայլփլացող դանակը, գլխաբաց, նիհար, մոմի նման տժգույն ձեռքերը պարզած, վազեց դեպի կտուր տանող սանդուղքը։

Այդ ժամանակ Ակոբը դանդաղ, ծանր քայլերով իջնում էր կտուրից։

Դեմքն ամբողջովին այլափոխված էր, դողում էր զայրույթից։

Կինն ընկավ ամուսնու ոտը.

— Ոտքդ պագնիմ, մ՚երթա։

Բայց Ակոբը հավի նման շպրտեց կնոջը․

— Էրիկ մարդ իմ, շատ մի՛ խոսա։

Նա լուռ առաջացավ դեպի պահարանը, որի բանալին միայն իր մոտն էր լինում։ Բանալին ծակը խրելու հետ միասին կինն ընկավ սալահատակին՝ ուշագնաց։

Ակոբը բաց արավ պահարանը, դուրս բերեց հին, պապենական դանակը, քաշեց պատյանից, համբուրեց սառը պողպատը, նորեն դրեց պատյանը։