Այս էջը հաստատված է



Աղջիկը տանը չէր, կինը մնաց սալահատակին ընկած։

Ակոբը երևաց դռան առաջ, և բոցավառվեց դանակը։ Հակառակորդները նահանջեցին, որովհետև Ակոբի կողմնակիցներն էլ վրա հասան։

Քիչ անց ոչ ոք չմնաց Ակոբի դռանը։ Ակոբը ներս մտավ հպարտ։

Նա տեսավ կնոջը ընկած գետնին, բարձրացրեց նրան, մի քիչ ջուր սրսկեց երեսին, և երբ կինն ուշքի եկավ, ասաց.

— Հե՛չ ջիգեր չունիս, կնիկ, մեղք, որ ի՛մ կնիկս ես։


8

Բայց Ակոբի կնոջ սիրտը ուրիշ վերք էր կրծում, նա դանակից վախեցողը չէր, շատ էր տեսել, տեսել էր և ամուսնու արյուն թափելը, շատ անգամ էր նրա վերքը կապել։

Կինը մտածում էր այն մասին, որ աղջիկը մեծացել էր, և եթե ամուսինը ձեռք չքաշեր աղվընիկ խաղցնելուց, սիրուն աղջիկը տանն էր մնալու։

Առհասարակ, երբ աղավնի խաղցնողները հասակնին առնում էին, թողնում էին աղավնիները։

Մինչև անգամ շատերը թողնում էին ամուսնությունից անմիջապես հետո։ Բայց ոչ մի հույսի նշույլ չէր երևում, որ Ակոբը թողներ աղավնիները և խաղաղ զբաղվեր իր արհեստով։

— Վա՛զ անցիր աղվընիկներեն, ա՜յ մարդ,— աղաչում, պաղատում էր կինը,— աղջիկ զավակ ունիս, տունը կմնա, մեղք է։

Ակոբը ցնցվում էր, մարմինը փուշ֊փուշ լինում, երբ կինն աղջիկ զավակի խոսքն էր անում։ Նրա հոգու առաջ ցցվում էին կաթնագույն աղավնիները և կաթնագույն ու սև մազերով աղջիկը, չէր կարողանում ազատվել մեկն ու մեկից, մռայլվում էր, տանջվում։ Թախիծը թանձր, մթին մշուշի նման իջնում էր ճակատի վրա և, չգտնելով ո՛չ մի ելք, ապտակում էր կնոջը և գոռում.

— Նորեն սկսար վռվռալ, հերի՜ք է, մաշեցի՛ր։

Կանչում էր աղջկան՝ Լիլոյին, դիտում նրա հասակը, ձմերուկի կտերի նման սև աչքերը, թշերի կարմիրը, նստեցնում