Այս էջը հաստատված է

ծնկանը, շոյում մազերը և արցունքոտ աչքերով շշնջում.

— Գըզը՜մ չինար բոյլի գըզը՜մ…[1]

Արցունքները չէին թողնում, որ շարունակի, վեր էր կենում, բարձրանում կտուրը, բաց թողնում աղավնիները դեպի պաղպաջուն և կապույտ երկինքը, մոռանում ամեն բան, մոռանում աշխարհն ու նրա չար օրենքները։

Երբ օդում զրնգում էին աղավնիների թևերը, մռայլը փարատվում էր Ակոբի աչքերից, ճակատի թախիծը սրբվում, և նրա ամբողջ դեմքը փայլում էր անձրևով լվացված կանաչի նման։

Բայց կինը հանգիստ չէր տալիս նրան, կրկնում էր անդադար.

― Աղջիկ զավակ ունիս, հողը դի՛ր, ազատվի։


Բայց Ակոբն ինչպե՞ս ազատվեր աղավնիներից։

Աղավնիների ամեն մի բմբուլը կապված էր նրա հոգու հետ։

Օրվա ամեն մի րոպեին, ինչ էլ որ աներ, քնած թե արթուն, նա ապրում էր աղավնիների հետ, լսում նրանց մրմունջը։

Փողոցում քայլելիս, հանկարծ մի թռչուն էր թռչում նրա գլխի վրայով։ Ակոբը ցնցվում էր և աչքերը հառում վեր։

— Ես կարծեցի քի աղվընիկ է,— ասում էր Ակոբը և ժպտում։

Թափվեց տիեզերքի ձյունը նրա գլխի վրա, դարձավ ալեխառն, նման իր մոխրագույն աղավնիներին, բայց հոգով մնաց մանուկ, ինչքան հասակն առավ, ավելի և ավելի մանկացավ։

Օրերով խանութը չէր բաց անում, որովհետև կարող էր հաճախորդին վշտացնել։

Ածիլած ժամանակ աչքը լուսամուտից դուրսն էր։

Երբ օդում աղավնիներ էր տեսնում, թողնում էր հաճախորդին, գալիս կանգնում էր դռան առաջ, ածելին ձեռքը, սպիտակ խալաթը հագին, մոռացած հաճախորդին՝ հրճվում էր ամբողջական հոգով։

  1. Աղջիկս, չինար հասակով աղջիկս