Այս էջը հաստատված է




9

Մի օր լուր տարածվեց քաղաքում, որ Հաջի Թումաս աղայի տղան՝ Արան «սեր էր կապել» աղվընիկ խաղցնող Ակոբի աղջկան։

Լուրն ապշեցուցիչ էր. հուզվել էր ամբողջ քաղքենիությունը, աղաների ընտանիքները, մեծից մինչև փոքրը։

— Ծո՛, աղվընիկ խաղցնողի աղջիկը կսիրե, դիվանա է,— ասում էին։

— Սև մաղեցին տան վրա,— ասում էին ուրիշները։

Լուրը շրջում էր բոթի նման, ահավոր աղետի նման։ Թումաս աղայի ընտանիքի հետ ոչ մի կապ չունեցողներն անգամ լուրն ընդունում էին սարսափահար։ Պառավներ կային, որ ծնկներին էին խփում. «Ծո՛, էսպես բան կըլլի՞, ի՞նչ ժամանակի մնացինք»։

Հաջի Թումասի ազգականներից ոմանք եկեղեցում մոմ վառեցին և աղոթեցին։

Լուրը ճիշտ էր, համառ։ Արան սիրահարվել էր Ակոբի աղջկան՝ Լիլոյին։

Հաջի Թումաս աղան հարևան էր Ակոբին, նրանց տան պարտեզներն իրար կից էին, միայն մի պարսպով բաժանված։

Արան՝ Հաջի Թումաս աղայի միջնակ որդին, նոր էր եկել Ստամբոլից, մոտ քսանհինգ տարեկան մի երիտասարդ էր։

Արան մանկուց էր կապվել Լիլոյին, միասին խաղացել էին, միասին բարձրացել էին կտուրը և աղվընիկ բռնել, շոյել և սիրել։

Իհարկե, տասը տարի մնալով Ստամբոլում, Արան մոռացել էր Լիլոյին, մինչև անգամ աղջկա դիմագծերն անհետացել էին նրա հիշողությունից, բայց վերադարձից երկու օր հետո, երբ տեսել էր նրան, կրակվել էր, բռնվել այնպիսի հրդեհով, որից ազատվելն անկարելի դարձավ։

Արան, կանգնած իրենց կտուրի վրա, երբ տեսել էր Լիլոյին պարտեզի ծառերից մեկի տակը, հին, ծանոթ եղանակով շվացրել էր։ Լիլոն անմիջապես գլուխը բարձրացրել, անձկագին աչքերով փնտրել էր շվացնողին և երբ տեսել էր Արային կտուրի վրա, բարձր և ուրախ ծիծաղել էր և թռել