Այս էջը հաստատված է

ներս։ Լիլոյի ծիծաղը զրնգացել էր օդում, և Արան զգացել էր, որ բոցի մի մեծ լեզու գրկում է իրեն։

Եվ մի քանի օր հետո տեսել էին Արային իրենց պարտեզի պատերի վրայից, կես֊գիշերին, Լիլոյենց պարտեզը ցատկելիս, Լիլոն ծառի տակ։

Լուսնի լույս։ Խաղաղ, անհուն, կապույտ գիշեր։

Ահավոր տեսարան. Արան գրկել էր Լիլոյին, համբուրել, խոսել հետը երկար։ Արան եվրոպական զգեստով, օսլայած օձիքով և թևնոցով, Լիլոն՝ գրեթե կարկատաններով, ծաղկավոր գոգնոցով, գլխին՝ մի գունավոր թաշկինակ։

Արայի ընտանիքն ամենաուշը լսեց զարհուրելի իրողությունը․ իրենց տղան աղվընիկ խաղցնողի աղջկա հետ… Մութ, դժոխային իրողություն։ Արայի մայրը փակվեց տանը, ոչ եկեղեցի գնաց և ոչ էլ բաղնիս, իսկ Հաջի Թումաս աղան երկու օր խանութ չհաճախեց։ Ստեցին թե՝ «Հաջաղան հիվընդցեր է»։ Այնինչ նա տանը նստած՝ երկար մտածում էր և երկար խոսում էր կնոջ հետ։ Նախ որոշեցին կանչել Արային և խրատել, բայց հետո խոհեմություն համարեցին լռել միառժամանակ։

— Ինադի չի բերենք, քիչ մի քու դամարեդ ունի,— ասաց մայրը։

— Աղջի՛, դամարի բան չէ, սարսաղցեր է, երևի կանցնի,— մխիթարեց ինքն իրեն հայրը, բայց քաղքենիական ամոթը կրծում էր նրա հոգին։

Լուրը բոցավառվում էր քաղաքում, բերանները հանգիստ չէին առնում, կարծես աշխարհում ուրիշ ոչինչ չկար, որի մասին կարելի լիներ խոսել։ Հաջի Թումաս աղան՝ աղվընիկ խաղցնողի աղջիկը։ Արան և Լիլոն—այս էր ամեն անկյունի խոսակցությունը։

Հաջի Թումաս աղան քաղաքում համարվում էր ամենահարուստներից մեկը, թեև մի փոքրիկ կրպակ ուներ քաղաքի շուկայում և այդ փոքրիկ կրպակում էլ ապակյա մի տուփ։ Այդ փոքրիկ ապակյա տուփը մի վիթխարի շտեմարան էր ստի, խարդախության, կեղծիքի։ Այդ տուփի մեջ ինչքա՜ն գյուղացիներ, փոքր առևտրականներ և արհեստավորներ խեղդվեցին։ Այդ տուփը կուլ էր տվել ընտանիքներ և անուժների ու անտերների ամբողջ մի սերունդ։