Այս էջը հաստատված է



Հաջի Թումաս աղան սեղանավոր էր՝ փող էր մանրում։ Փող մանրելուց գրեթե վաստակ չկար, այսինքն՝ այնպիսի վաստակ, որից մեծահարուստ կարողանար դառնալ մարդ։ Այդ առևտուրը նրա համար քող էր միայն։ Մթնում, գաղտնի, նա վաշխառությամբ էր պարապում։ Բոլոր փոքր առևտրականները նրան պարտք ունեին, պարտք, որ ամեն տարի աճում էր, բոլոր կանանց գոհարները պահ էին տրված Հաջի Թումասին, նա ձեռքի տակ ուներ հողեր, ագարակներ և տներ, իբրև գրավական։

Այդ տուփից էր կախված գրավականների տերերի գոյությունը։

Հաջի Թումաս աղայի ընտանիքն ապրում էր ճոխ, շռայլ մի կյանք։ Հարսները զարդարվում էին ոսկիներով և թանկագին քարերով, որդիները ամեն տարի ճանապարհորդություն էին կատարում ծովեզերյա քաղաքներ, իսկ Հաջի Թումաս աղան ինքն ապրում էր արտաքուստ խեղճ մի կյանք, հագնում էր կարկատած, հին մի վերարկու, խունացած և ծնկները մաշված մի շալվար, ձեթոտ մի ֆես, ձեռքի գավազանը մի քանի անգամ կոտրվել էր շների վրա, բայց նորը չէր գնել, այլ թիթեղով ամրացնել էր տվել։ Երբ պարտատերերը նրան մոտենում էին պաղատանքով, Հաջի Թումաս աղան կռացնում էր գլուխը մի ուսի վրա և պատասխանում․

— Ես ըլ քըզի պես ֆուխարա մարդ իմ, տե՛ս, վրես֊գլոխս տես։

Իսկապես, այդ վաշխառուի արտաքինը ֆուխարայի՝ աղքատի տեսք ուներ։ Ո՞վ կարող էր համարձակվել նրա երեսին տալ այդ արտաքին կեղծիքը։

— Էդպե՞ս է, ախպար, տո՛ւր փարաս, գնա քու գործիդ, նե՛ առինք, ն՛ե տվինք։

Այսպես էր պատասխանում Հաջի Թումաս աղան այն մարդկանց, որոնք հանդգնում էին երեսին տալ կեղծավորությունը։

Եվ մարդկանց արյունից ու քրտինքից կաթում էին կարմիր ոսկու կաթիլները և լցվում ապակյա փոքրիկ տուփի մեջ։

Մի գիշեր Հաջի Թումաս աղան չքնեց։ Նրա քունն առհասարակ փախել էր այն օրից, երբ լսել էր զարհուրելի լուրը։ Այդ գիշերը, համրիչը ձեռքին, նստել էր բազմոցի վրա, աչքերը