Այս էջը հաստատված է

գետնի խալիչային հառած, քաշում էր ու տանջվում։ Ամեն քաշելուն կենտ էր դուրս գալիս։ Նորից էր քաշում՝ էլի կենտ։ Նույնիսկ մի անգամ գիտակցաբար համրիչի հատիկներն այնպես սարքեց, որ կենտ չընկնի, բայց էլի կենտ ընկավ։ Սարսափեց։

Կինը ներս մտավ և տեսավ, որ Հաջի աղան մտադրություն չունի քնելու։ Հարցրեց․

— Քա՜, ինչո՞ւ լաթերդ չես հաներ, լաթերդ հանե, պառկի՛ր։

— Ինչ որ կ՚նիմ, թաք կըյնի, կնի՛կ,— ասած սարսափած։

— Վո՜ւյ, աչքս քոռանա։

— Միտքս ուրիշ է,— շարունակեց Հաջի Թումասը,— կուզիմ աչքովս տեսնամ՝ Արայի համար խոսվածները իրա՞վ են։

Եվ կես֊գիշերին Հաջի Թումաս աղան ու իր կինը, գաղտնի, գուլպաներով, բարձրացան կտուրը, պահվեցին լողի հետև։

Բավական սպասելուց հետո Հաջի Թումասը շշնջաց կնոջ ականջին.

— Աղջի՛, տե՛ս, բոզը բաղչան մտավ,— երբ տեսավ Լիլոյին տնից պարտեզ մտնելիս, վրան սպիտակ մի սավան գցած։

Լիլոն եկավ, մոտեցավ մեծ ծառին։ Հաջի Թումասն ու նրա կինը միայն այդ ժամանակ նշմարեցին, որ Արան արդեն ծառի տակն էր։ Լողի հետև պառկած՝ Արայի ծնողները կծկվեցին, հազիվ շնչում էին։ Արան գրկեց Լիլոյին։

— Աննամո՜ւս…— շշնջաց մայրը։

— Ձանը՛դ,— սաստեց Հաջի Թումասը։

— Երթանք վար, վրաս թասա[1] էկավ,— առաջարկեց մայրը։

Եվ նրանք կտուրի վրա սողացին անասունների նման, քայլելով ծնկների և ձեռքերի ափերի վրա և կորսվեցին։

Ներքևում մայրը զարկավ ծնկներին և ողբալով լաց եղավ՝ կարծես որդու դագաղն էր դրված առաջը։

— Լացով ի՞նչ կըլլի, ուրիշ բան պետք է էնինք։

Հաջի Թումաս աղան շատ լուրջ և խոր ձայնով հայտարարեց․

  1. սառը քրտինք