Այս էջը հաստատված է



— Վա՛յ, ես քու կնկանդ…

Բայց երբ Լիլոն մեծացավ, մազերը հասան մինչև կրունկները, լցվեցին կրծքերը, թշերն ու շրթունքները նռան նման կարմրեցին, բոլորն էլ մոռացան կնոջն ու սկսեցին հայհոյել աղջկան.

— Վա՛յ, ես քու աղջկանդ…

Հաջի Թումաս աղայի որդու դեպքն առիթ դարձավ, որ հայհոյանքներն ավելի սաստկանան, ստանան ավելի թանձրացյալ գույն, ավելի գռեհիկ, ավելի լկտի, ավելի պատկերավոր։

Լիլոյի խեղճ մայրն ավելի ընկավ ամուսնու հետևից։ Մոր համար անլուծելի պրոբլեմ էր հասած աղջիկը տանը։

— Ա՛յ մարդ, քիչ մը մտմտա՛, մեղք է աղջիկս։ Աստված, երթայի Ստամբոլ, մուրայի ու ապրեի։

Իհարկե աղջկան ուզողներ կային, բայց բոլորն էլ աղվընիկ խաղցնողներ էին, իսկ Լիլոյի ծնողները երդվել էին, որ նրան աղվընիկ խաղցնողի չտան։

Լիլոն դպրոցը կիսատ էր թողել, որովհետև դպրոցի ուսուցիչներն անգամ նրան արհամարհում էին իբրև աղվընիկ խաղցնողի աղջկա։ Երբ դասը մի քիչ վատ իմանար՝ անմիջապես բարկանում էին ուսուցիչները․

— Հը՞, հարըդ աղվընիկ կխաղցնե՞։

Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել քաղաքի բերանը։

— Ես ըլ բյուդունի կնիկներն ու աղջիկները…— փոխադարձ հայհոյում էր Ակոբը և իրեն մխիթարում։

Բայց հետագայում Ակոբն ինքն էլ զգաց, որ դա ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը, միտք արավ և գտավ ճարը — մորուք թողեց, որպեսզի հայհոյողները մոռանային աղջկան և իր մորուքին հայհոյեին։

Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը և շարունակեց հետապնդել ամուսնուն՝ մտածելու աղջկա բախտի մասին, աղջկա պատվի մասին, իսկ Ակոբը պատասխանեց.

— Շատ մի՛ վռվռա, իշտե մորուք թողեցի։

Իհարկե, դա էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային աղջկան,