Այս էջը հաստատված է

նրանք շարունակեցին հայհոյել նրան, երբ տեսնում էին Ակոբին կտուրի վրա։

— Վա՛յ, ես քու աղջկանդ…

Ակոբը երբ իջնում էր կտուրից և տեսնում աղջկան աղի արցունքներ թափելիս, հարցնում էր․

— Լիլո՛ս, ճերմակ աղվընի՛կս, ինչո՞ւ կուլաս։

— Նորեն քֆրեցին։

Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։

Ակոբը առանձին սիրով էր սիրում աղջկան։ Այն օրից, երբ կնոջից լսեց նրա բախտավորությունը, ապրում էր երջանկության մեջ։ Աղջկա պսակից հետո, մտածում էր նա, չկար ոչ մի արգելք իր կյանքի ճանապարհին, նա կարող պիտի լիներ ֆեսը ծռել ու ման գալ, էլ աղջիկ չուներ, որին հայհոյեին, էլ աղջիկ չուներ, որի տանը մնալը տանջանք պատճառեր, կարող էր ամբողջովին նվիրվել աղավնիներին…

Օրերով նա խանութը բաց չէր անում, որպեսզի իրեն չպատմեին Լիլոյի շուրջը պտտած բամբասանքը, որպեսզի կատարված իրողության առաջ չգտնվեր։ Այդ լուրն ուրիշներից լսելուց հետո ի՞նչ էր պարտավոր անել նա. օտար տղան մտնում էր իր պարտեզը, գրկում էր իր աղջկան և համբուրում։ Ի՞նչ էր պարտավոր անել տղամարդ ծնողը, մի՞թե նա պետք է տաներ այդ ահավոր անպատվությունը։ Տղամարդ ծնողի համար միայն մի ելք կար. դուրս քաշել պապենական հին դանակը և շողացնել հարազատ աղջկա վզի վրա։ Ակոբը սարսափում էր այդ հեռապատկերից, գիշերները կոշմարներ էր ապրում, վեր էր ցատկում անկողնից, ման էր գալիս տանը, մթնում, մի անկյունում նստած, ծխում էր ու հառաչում։

Բայց մինչև ե՞րբ խանութը փակ պահեր, հարկավոր էր ապրել։ Որոշեց կարևորություն չտալ և հաջորդ օրն իսկ գնալ խանութ։ Բայց եթե հանկարծ լսեր քաղաքի բամբասանքը, հենց առավոտյան մեկը տնկվեր դեմը և պատմեր։ Ո՛չ, նա խանութը չի բանա։

Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը Լիլոյի սիրույն և հինգ կարմիր ոսկով ծախեց իր լավագույն ճինս աղավնիներից մի զույգ։ Այդ զույգ աղավնիները նրա ամբողջ սիրտն