Այս էջը հաստատված է

էին, բայց որովհետև նրանցից ձագեր էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։

Ակոբը, երբ ոսկին առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները և հանձնեց գնողին, նրա աչքերից արցունքի կաթիլներ կաթեցին աղավնիների փետուրների վրա։

Աղավնիների վաճառքից հետո Ակոբը մտավ տուն տխուր և աչքերը կարմրած։ Լիլոն մոտեցավ, գրկեց նրան։

— Լիլո՛ս, աղվընի՛կս, քըզի համար բյութուն[1] աղվընիկներս ղուրբան կենիմ։

Լիլոն զգաց հոր խորունկ սերը և նրան թվաց, որ թափած արցունքն ավելի թանկագին է, քան այն մատանիի ադամանդը, որ Արան էր նվիրել իրեն։

— Հայրի՛կ,— շշնջաց Լիլոն,— քու ոտքդ վլամ (լվամ), ջուրը խմիմ։

— Աղվընի՜կս․․․ ճերմա՜կ աղվընի՛կս․․․

Նրանք փաթաթվեցին իրար։

Ակոբն էլ բաց չարավ խանութը, հինգ ոսկին բավական էր մեկ տարի ապրելու համար։


12

Հաջի Թումաս աղան որոնեց Արայի աչքին Լիլոյին վարկաբեկելու բոլոր միջոցները, երբ որդին գրոշի արժեք չտվեց Լիլոյի հոր աղվընիկ խաղցնելու հանգամանքին։

— Կերթամ Ստամբոլ, վո՞վ կգիտնա,— վճռականապես հայտարարեց Արան։

Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց Արայի պառավ մորաքրոջը, իր քենուն, նրան տվեց մի քուրք և պատվիրեց հայտնել մի կերպ Արային, որ տեսել է բաղնիսում Լիլոյին, փորի ու մեջքի վրա ամբողջ վերք։

Արայի մորաքույրը, չար մի պառավ, չեչոտ երեսի համար ամուրի մնացած, ամբողջ կյանքում ոչ մի տղամարդ ոչ մի րոպեով չէր սեղմել նրան իր կրծքին, կրկնապատկեց իր ատելությունը դեպի ջահել և սիրուն կանայք ու, գնալով Արայի մոտ, սկսեց.

  1. բոլոր