Այս էջը հաստատված է



— Արա՛, հոգուդ ղուրբան, ինծի լսե, աղվընիկ խաղցնողին աղջիկը բաղնիսին մեջ չըպչըպլախ տեսա։

— Տեսա՛ր, տեսա՛ր,— արհամարհանքով և զզվանքով շպրտեց Արան և երեսը շուռ տվեց։

— Քա՜, ինծի՛ լսե, կըսիմ փորի ու մեջքի վրա յարա կար, ասքան,— շարունակեց չար պառավը՝ երկու ձեռքերի ափերն իրար միացնելով։

Պառավը տեսավ, որ ասածն ազդեց, երիտասարդ տղան ցնցվեց ահավոր հայտնությունից և գլուխը կախեց։

— Աչքովդ տեսա՞ր,— հարցրեց ի վերջո։

— Աս աչքերովս,— ստեց պառավը։

Այդ իրիկուն իսկ Արան, Լիլոյին գրկելիս, տարօրինակ կերպով ձեռքը տարավ նրա փորին և ուժգին սեղմեց մեջքը։ Լիլոն իրեն վերք ունեցողի նման չպահեց, բայց նրան տարօրինակ թվացին Արայի այդ իրիկվա ձևերը։

— Ըսե, ի՞նչ կա, ի՞նչ ես լսել։

Արան հայտնեց անկեղծորեն լսածը, որից պարզվեց Լիլոյի համար, թե ինչո՞ւ սեղմեց մեջքը և ձեռքը տարավ վարին, մի բան, որ երբեք նա չէր փորձել դրանից առաջ։

Լիլոն չպատասխանեց, աչքերը տխուր հառեց Արայի վրա և սիրտը փլվեց, սկսեց հեկեկալ և, փախչելով Արայի գրկից, մտավ տուն։

Մայրը նրան սպասում էր քնաթաթախ աչքերով, պարտեզի դռան հետևում, աղորիքի քարի վրա նստած։ Լիլոն ընկավ նրա գիրկը, արցունքների մեջ խեղդված։ Խեղճ մայրը պատճառը հարցրեց, բայց Լիլոն ոչինչ չկարողացավ ասել, բուռն արցունքները խեղդեցին նրա կոկորդը։ Մայրը վազեց դուրս։ Արան դեռևս կանգնած էր ծառի տակը, մտամոլոր և տխուր։

— Աչքիս լույսը, Լիլոյին ինչո՞ւ ես լացուցեր։

Արան պատմեց եղելությունը և ավելացրեց.

— Ես չեմ հավտար, բայց Լիլոն չըսավ, թե սուտ կսեն։

Լիլոյի մայրը բռնեց Արայի ձեռքը հարազատ մոր նման, համբուրեց նրան և խաչ հանելով՝ շշնջաց.

— Օղո՛ւլ, էդպես բան չկա, լուսնկայի պես մարմին ունի, աչքս քոռնա, որ սուտ ըսեմ, թե չես հավտար՝ պսակի երթալեն առաջ չպլխցնիմ, տե՛ս։