Այս էջը հաստատված է

հարսանիքի ներկա չի լինի, խայտառակություն է, որդին պատասխանեց մորը․

— Չոբաններ ու համալներ կկանչիմ, շուներ կհրավիրիմ, շուներ, հասկցա՞ր։

Մայրը հուսահատվեց և սկսեց որոնել դառն իրողության հետ հաշտվելու միջոցներ։

— Թող առնե, երթա Ստամբոլ, մենք ըլ հողը մտնենք,— ասաց նա Հաջի Թումասին։

— Կնի՛կ, թամամ սարսաղցեր ես, մտնամ հողը, շատ աղեկ, հողին տակը հանգիստ կըլլի՞մ— հարց տվեց Հաջի Թումասը։

Բամբասանքը բոցավառվում էր քաղաքում, այրում էր Հաջի Թումաս աղայի գերդաստանի պատիվը։


13

Մի օր էլ, հուսահատված բոլոր միջոցներից՝ Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց աղվընիկ խաղցնող Ակոբին։ Ակոբն ուզում էր չգնալ, կինն աղաչեց որ գնա։

— Զահար հարսնիքի համար կանչեր է,— ասաց կինը։

— Հավը երազի մեջ կորեկ կտեսնա,— հեգնեց Ակոբը։

Իհարկե, այս խոսքերից հետո նա զգում էր, որ մի լավ բանի համար չէր կանչում իրեն։ Հաջի Թումաս աղան, երկար տարիներ դրացի լինելով հանդերձ՝ պատվին չէր ձգել մի օր բարևելու։ Այնուամենայնիվ, պիտի գնար։

Ակոբը միտքը դրեց համբերատար լինել, իրեն չկորցնել, թերևս Լիլոյի համար մի բարի բան դուրս գար այդ բոլորից, թերևս, ո՞վ է իմանում, այդ գոռոզ մարդը խոնարհվել էր, խորտակվել էին նրա հպարտության աշտարակները։

— Աղջի՛, մեյ մը երթամ, աչքին դպնամ, տեսնեմ ի՞նչ կըսե,— հայտարարեց Ակոբը ու գնաց։

Ակոբը թեև որոշեց գնալ, բայց քայլերն առաջ չէին գնում, լավ բան չէր գուշակում։

— Ակո՛բ,— սկսեց հարուստ Հաջի Թումասը գոռոզ տոնով,— քիչ մը աղջիկդ պահե, ամո՛թ է։

Ակոբը չհամբերեց, հարուստի գոռոզությունը զայրացրեց նրան։ Մինչև անգամ ամբարտավան հարուստը աթոռ