Այս էջը հաստատված է



— Լիլո՛ս, աղվընի՛կս, իմ բյութուն աղվընիկներս ոտքերիդ ղուրբան էնիմ։

Եվ սկսեց լաց լինել այդ ալեխառն գլխով մանուկը, թափելով կոպերն այրող արցունքներ։

Այս բոլորն աղետալի կերպով անդրադառնում էին Լիլոյի հոգու վրա և ի վերջո ֆիզիկականի վրա։ Նա օրեցօր տժգունում էր, աչքերի ներքևում կամարաձև կապուտցան, նիհարեց, սիրտն արագ֊արագ խփում էր։

— Սիրտս կուզե դուրս թռի,— ասում էր։

Իսկ մայրը նրան մխիթարում էր.

— Ջահելություն է, կանցնի, մի՛ մտմտա։

Լիլոն չէր կարող չմտածել։ Հոր, մոր և Արայի թշվառությունը նրա հոգում կաթեցնում էր դառնության հեղուկը։


15

Մի գիշեր Արայի մայրը որոնեց Հաջի Թումաս աղայի գրպանները և գտավ երկաթե սնդուկի բանալին, սնդուկի, որտեղ նա պահում էր իր հնչուն դրամը, մուրհակները և առևտրական բոլոր փաստաթղթերը։ Կինը դողահար, սարսափահար — հանկարծ Հաջի Թումասը զարթներ — վառեց լուցկին՝ տեսնելու, թե սնդուկի մեջ ո՞ր կույտն է ոսկիների կույտը։ Որոնեց նա իրար վրա դարսված մի շարք, լցրեց գոգնոցի գրպանը, փակեց սնդուկը, իջավ սանդուղներից, բաց արավ ածխանոցը, պահեց ոսկիները ածուխների տակ՝ հենց գոգնոցով միասին և վերադարձավ ննջարան, մտավ ամուսնու անկողինը։ Հաջի Թումաս աղան խոր քնած էր։ Ստուգելու համար, թե իսկապես ամուսինը քնա՞ծ է, թե ոչ, մի քանի անգամ ձայն տվեց.

— Հա՛ջ աղա, Հա՛ջ աղա, քա՛, Հաջ աղա, քըզի կըսիմ։

Հաջի աղան չզարթնեց։ Բայց կինը մինչև առավոտ չքնեց։ Առավոտյան նա շուտ վեր կացավ, առաջին գործը եղավ փոխել ոսկիների թաքստոցը, և դիտմամբ չզարթեցրեց ամուսնուն, որ ուշանա խանութից և վեր կենալուն պես շտապի դեպի շուկա, որովհետև երբեմն պատահում էր, որ Հաջի աղան տան բոլոր անդամներին դուրս էր հանում,