Այս էջը հաստատված է

բաց անում երկաթե սնդուկը, ստուգում բովանդակությունը կամ մի որևէ փաստաթուղթ վերցնում և ապա խանութ գնում։

— Աղջի՛, ինչո՞ւ չես արթնացուցեր, առուտուրս խարաբ եղավ,— ասաց Հաջի Թումասը և, առանց նախաճաշի, աճապարեց դեպի շուկա։

Արան կեսօրից հետո թակեց պարտեզի դուռը և կանչեց մորը։ Մայրը նրան համբուրեց, լաց եղավ և տվեց ոսկիները։

— Հարսնիք֊մարսնիք մ՚էներ, աղջիկը առ ու գնա՛, հայրդ ինադի է ընկեր։

Արան համբուրեց մորը մի քանի անգամ և խոր տաքություն զգաց նրա շնչից։

Մայրը լացով բաժանվեց որդուց։

Արան փողը ստանալուց հետո անմիջապես չվազեց Լիլոյի մոտ։ Նա տխուր կանգնեց պարտեզի պարսպի տակ և գլուխը կախեց։

Լիլոն հիվանդ էր։ Արան չէր կարող ոսկիներն անմիջապես օգտագործել․ ինչպե՞ս հիվանդ աղջկան վերցներ անկողնից և հեռանար քաղաքից։

Նա քայլեց, դարձավ մյուս փողոցը և կանգ առավ Լիլոյենց պարտեզի դռան առաջ, որտեղից նա մտնում էր ներս, Լիլոյին տեսնելու։

Պարտեզից, պարսպի վրայով, փողոց էր կախվել նոր ծաղկած ծիրանու մի մեծ ճյուղ, օդում անսահման թարմություն կար, գարնան վրա կապույտ երկինքն էր կախվել, և ամպերի սպիտակ շղարշներ էին սահում։

Արան նայեց վեր և օրորեց գլուխը, ձեռքը խրեց պարտեզի դռան կողքի ծակից ներս, բաց արավ դուռը և քայլեց ներս։ Պարտեզում ծաղկել էին նշենիները և ծիրանենիները, հողը փխրուն էր ու նոր տաքացած, առվի եզերքների խոտերը կանաչել էին և վառվում էին զմրուխտի նման։ Գարունը հորդում էր։

Արան, գլխիկոր, կարկատած և կեղտոտ զգեստներով, մտավ Լիլոյի տունը։ Մայրը չէր երևում, գլուխը կոխեց խոհանոցը, այնտեղ էլ չէր։ Բարձրացավ վեր, ոտների ձայնից և սանդուղների ճռնչոցից Լիլոյի մայրը ցատկեց սենյակից դուրս։