Այս էջը հաստատված է



— Բերեր է, որ Ստամբոլ էրթանք,— մեջ ընկավ Լիլոն թույլ, մարած ձայնով։

— Դու աղեկցիր, բյութունդ ըլ մեջքիս վրեն դնիմ ու թռցնիմ։

— Ես կաղեկնամ։

— Հա՛, ճերմակ խուշս։

Գարնան թարմ օդը բաց պատուհանից լցվում էր սենյակը, օդի մեջ ծաղիկների բուրում կար։

Ակոբը մոտեցավ պահարանին, վերցրեց դանակը։

— Երթամ աղվընիկ մորթիմ Լիլոյիս համար։

Նա դուրս եկավ սենյակից ուրախ։ Լիլոյի հիվանդությունից առաջացած տարակուսանքը բոլորովին փարատվել էր։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չէր կարող ասել, միամիտ հայրը հուսադրում էր իրեն։


17

Երկար ժամանակ անկողնին ծառայելուց հետո Լիլոն սկսեց արագորեն հալվել։ Գարնան առաջին օրերի թարմությունը միառժամանակ հույսի և վերակենդանության շողեր վառեցին նրա դալկահար աչքերում, բայց երկար չտևեց, շուտով մահվան սյուքը սոսափեց մատղաշ հոգում։

Եվ մի առավոտ, երբ դեռևս դուրսը կապույտ լույս էր տարածվում կանաչ խոտով և ծաղիկներով վարարած դաշտում, Լիլոն փակեց աչքերն այնպես, ինչպես կանթեղի ձեթը վերջանում է և պատրույգի բոցը հետզհետե փոքրանում, փոքրանում, առկայծում և հուսկ ապա՝ մարում։

Լիլոն դադարեց շնչելուց, և ոչ ոք չհասկացավ նրա վերջին խոսքերը։

Այդ առավոտ բարձրացավ աղեկտուր ճիչ Ակոբի խրճիթի վերևի փոքրիկ, արեգդեմ սենյակում։

— Ճերմակ աղվընիկս թռա՜վ, ճերմակ աղվընիկս թռա՜վ, թռա՜վ,— աղաղակում էր իր մեկ հատիկ աղջկան կորցնող հայրը և խփում ծնկներին։ Արան, գրկած Լիլոյի գլուխը՝ նրա մազերը թրջում էր արցունքով, մինչդեռ մայրը, մորմոքից խելագարված, ճչում էր ու մազերը փետում։