Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/100

Այս էջը սրբագրված է

ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԶԱՒԱԿԻ ՄԱՍԻՆ.

Ես մի Հարց ունեմ՝ միայն քեզ համար, իմ եղբայր, որպէս մի կապար ձգում եմ ես այդ հարցը քո հոգու մէջ, որ իմանամ, որքան խորն է այդ:

Դու երիտասարդ ես և ամուսնանալ ու զաւակ ունենալ ես ցանկանում: Սակայն Հարցնում եմ ես քեզ. դու նրանցից ես, որ զաւակ ունենալու իրաւունք ունենաս:

Դու յաղթակա՞նն ես, ինքն իրեն յաղթահարո՞ղը, զգայարանքներին ու բնազդներին հրամայո՞ղը, քո առաքինութիւնների տէ՞րը: Այս եմ հարցնում քեզ։

ԹԷ՞ քո ցանկութիւններից կենդանին Է խօսում և կարիքը, թե՞ մենակութիւնը. թերևս քեզնից դժգոհութի՞ւնը:

Ես կկամենայի, որ քո յաղթութիւնն ու ազատութիւնը ձգտէին զավակը։ Կենդանի արձաններ պէտք է կանգնեցնես դու քո յաղթութեան և ազատագրութեան:

Քեզնից դէպ վեր պէտք է կառուցես: Բայց նախ ինքդ պէտք է լաւ կազմւած լինես ուղղանկիւն հոգով ու մարմնով։

Ոչ միայն պէտք է շարունակես սերունդդ, այլ բարձրացնես, ազնւացնես։ Դրա մեջ թող օգնի քեզ ամուսնութեան պարտեզը: