Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/21

Այս էջը սրբագրված է
6.

Բայց այդ պահին մի բան պատահեց, որից պապանձւեցին բոլոր բերանները և սառան բոլորի աչքերը. մինչև այդ լարախաղը սկսել էր իր գործը. նա դուրս էր եկել մի փոքրիկ դռնից և գնո՛ւմ էր լարի վրայով, որ կապւած էր երկու աշտարակների միջև այնպէս, որ այդ կախւած էր շուկայի և ժողովրդի վրայ։ Երբ սակայն նա իր ճանապարհի կէսին հասաւ՝ նորից բացւեց փոքրիկ դուռը և խայտաճամուկ հագուստով մէկր՝ որպէս մի խեղկատակ՝ դուրս ցատկեց և արագ քայլերով գնաց առաջնի յետևից։ «Յառա՜ջ, կաղ դև, գոչեց նրա սոսկալի ձայնը, յառա՜ջ ծոյլ կենդանի, դեղնադէմ, գողունի մաքսանենգ, որ կրունկովս քեզ խտիտ չտամ։ Ի՞նչ ես անում այստեղ աշտարակների միջև։ Քո տեղը աշտարակն է, այնտեղ պէտք է քեզ բանտարկել, որ քեզնից լաւի ճանապարհը չկտրես»։ Եւ հետզհետէ մօտենում էր նրան. բայց երբ մի քայլ էր մնացել, որ հասնէր նրան՝ կատարւեց մի սոսկալի բան, որից պապանձւեցին բոլոր բերանները և սառան բոլորի աչքերը.—Նա սատանայական մի ճիչ արձակեց և ցատկեց նրա վրայից, որը կտրել էր իր ճանապարհը։ Իսկ այս վերջինը, երբ տեսաւ՝ թէ ինչպէս իր ախոյեանը յաղթանակեց, կորցրեց գլուխն ու լարը. նա դէն ձգեց իր ձեռի փայտը և սրանից էլ արագ գլխապտոյտ ցած գլորւեց։ Շուկան և ժողովուրդը նման էր հողմահար ծովի. ամեն ինչ իրարով անցաւ և գլխաւորապէս այնտեղ, ուր մարմինը պիտի ընկնէր։