Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/22

Այս էջը սրբագրված է

Զրադաշտը սակայն մնաց կանգնած, և հենց նրա կողքին ընկաւ մարմինը ջարդուփշուր ու այլանդակ, բայց դեռ կենդանի։ Քիչ ժամանակից յետոյ ջարդւածը ուշքի եկաւ և տեսաւ, որ Զրադաշտը չոքում էր իր կողքին։ «Ի՞նչ ես անում, ասաց նա, ես վաղուց գիտէի, որ սատանան ոտք պիտի ձգի ինձ։ Այժմ նա ինձ դէպի դժոխք է քարշ տալիս. նրան արգելե՞լ ես կամենում»։

«Երդւում եմ իմ պատւով, բարեկամ, պատասխանեց Զրադաշտը, այդպիսի բան չկայ, ինչ որ դու ես ասում, չկայ ո՛չ դժոխք, ո՛չ էլ սատանայ։ Քո հոգին աւելի շուտ պիտի մեռնի քան քո մարմինը. էլ ոչնչից մի՛ վախենար»։

Այդ մարդը շատ կասկածոտ նայեց նրան։ «Եթէ դու ճշմարիտ ես ասում, ասաց նա, ես ոչինչ չեմ կորցնի, երբ ես կեանքս կորցնեմ։ Ես աւելին չեմ քան մի կենդանի, որին սովորեցրել են պարել հարւածներներով և փոքրիկ պատառներով»։

«Ո՛չ, այդպէս չէ, ասաց Զրադաշտը. դու վտանգաւոր մի արհեստ ես սովորել և այդ երբէք էլ արհամարհելի չէ։ Եւ այժմ խորտակում ես կեանքդ դրա համար. ուստի և ես ուզում եմ թաղել քեղ իմ ձեռներով»։

Երբ Զրադաշտը այս ասել էր, մեռնողը այլ ևս չպատասխանեց։ Բայց նա շարժեց ձեռքը՝ ասես Զրադաշտի ձեռքն էր որոնում շնորհակալութեան համար։—

7.

Մինչ այդ նորից երեկոյ եղաւ և շուկան թագնւեց