Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/24

Այս էջը սրբագրված է

Զրադա՛շտ, ասաց նա, այստեղ քեզ շատերն են ատում։ Ատում են քեզ արդարներն ու բարիները և նրանք քեզ իրենց թշնամին ու արհամարհողն են համարում. ատում են քեզ և ուղղափառ հաւատացողները և քեզ ամբոխի վտանգն են համարում։ Քո բախտից էր, որ ծիծաղեցին քո վրայ. և իրօ՛ք, դու խեղկատակի նման ես խօսում։ Քո բախտից էր, որ դու մեռած շանը ընկերացար. նրանով, որ դու քեզ այդպէս ստորացրիր՝ փրկեցիր կեանքդ այսօր։ Բայց գնա՛, հեռացի՛ր այս քաղաքից—կամ թէ վաղը կցատկեմ ես քո վրայից՝ որպէս կենդանի մէկը մեռեալի վրայից»։ Եւ երբ նա այս ասաց՝ չքացաւ։ Զրադաշտը սակայն քայլեց մութ և նեղ փողոցներով։

Քաղաքի դռանը պատահեցին նրան գերեզմանափորերը. նրանք լուսաւորեցին ջահով նրա դէմքը, ճանաչեցին Զրադաշտին և շատ ծաղրեցին նրան։ «Զրադաշտը մի մեռած շուն է տանում. կեցցէ՛, որ Զրադաշտը գերեզմանափոր է դարձել, իսկ մեր ձեռները շատ են մաքուր այս տապակածի համար։ Միթէ՞ կամենում է Զրադաշտը սատանայի պատառը ձեռից խլել։ Շա՛տ լաւ։ Եւ բարի՜ ախորժակ։ Եթէ միայն սատանան աւելի՜ լաւ գող չէ՝ քան Զրադաշտը։ Նա կգողանայ երկսիդ, նա կուտի երկսիդ»։ Եւ նրանք ծիծաղեցին միասին։

Զրադաշտը ոչինչ չասաց և գնաց իր ճանապարհը։ Երբ նա երկու ժամ գնացել էր՝ անտառների և ճահիճների մօտով՝ այնքան լսեց քաղցած գայլերի ոռնոցը, որ ինքն էլ քաղցեց։ Վերջապէս կանգնեց նա մի մենակ տան առաջ, ուր լոյս կար։

«Քաղցը միանգամից տանջում է ինձ, ասաց Զրադաշտը. անտառների ու ճահիճների մէջ քաղց զգացի և այն էլ կէս գիշերին։