Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/28

Այս էջը սրբագրված է

Հովիւ չեմ ուզում լինել, ոչ էլ գերեզմանափոր, չեմ էլ ուզում խօսել ժողովրդի հետ. վերջին անգամ մի մեռեալի հետ խօսեցի։

Ստեղծագործողի, հնձողի, տօնողի հետ եմ ուզում ընկերանալ. ծիածանն եմ ուզում ցոյց տալ նրանց և բոլոր աստիճանները գերմարդի։

Ճգնաւորներին ես իմ երգը կերգեմ և ո՛վ դեռ ականջ ունի չլսւած բաների համար իմ երջանկութեամբ կծանրացնեմ նրա սիրտը։

Դէպի իմ նպատակն եմ ձգտում ես, իմ ճանապարհն եմ ես գնում։ Տատանւողների և անհոգների վրայից կցատկեմ։ Եւ իմ անցումը կլինի նրանց անկումը։

10.

Այս խօսքերն ասաց իր սրտում Զրադաշտը, երբ արևը կանգնեց կէսօրին. նա հարցական նայեց բարձունքին —որովհետև իր գլխավերևը մի թռչունի սուր կանչը լսեց։ Եւ տե՛ս, մի արծիւ էր սաւառնում մեծ շրջաններով օդի մէջ, և նրանից մի օձ էր կախւած, ոչ որպէս որս, այլ՝ որպէս ընկեր. որովհետև սա մնացել էր նրա վզից փաթաթւած։

«Սրանք իմ կենդանիներն են», ասաց Զրադաշտը և ուրախացաւ սրտանց։

Ամենահպարտ կենդանին արևի տակ և ամենախելօք կենդանին արևի տակ —նրանք դուրս են եկել լուր բերելու

Տեղեկանալ են կամենում, արդեօ՛ք, ապրում Է դեռ Զրադաշտը. իրօ՛ք, ապրո՞ւմ եմ ես դեռ։

Աւելի վտանգաւոր գտայ մարդկանց մէջ ապրելը՝