Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/50

Այս էջը սրբագրված է
ԴԺԳՈՅՆ ՈՃՐԱԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ.

Դուք չէ՞ք ուզում սպանել, ո՛վ դատաւորներ ու զոհի քրմեր, նախ քան կենդանու գլխով անելը։ Տեսէ՛ք, դժգոյն յանցաւորը գլխով արեց․ նրա աչքից մի մեծ արհամարհանք է խօսում։

«Իմ Եսը մի բան է, որ պիտի յաղթաՀարւի, իմ Եսը մեծ արհամարհանքն է մարդի», այսպէս է խօսում այդ աչքը։

Որ նա ինքն իրեն դատեց՝ այդ նրա լաւագոյն րոպէն էր․ մի՛ թողէք վեհին վերստին իր ցածութեան մէջ ընկնելու։

Փրկութիւն չկայ նրա համար, ով տանջւում է այսպէս ինքն իր մէջ, իր վատութեան համար․ աւելի լաւ է արագ մահը։

Ձեր սպանելը, ո՛վ դատաւորներ, թո՛ղ կարեկցանք լինի և ոչ վրէժ։ Եւ երր սպանում էք, աշխատեցէ՛ք դրանով կեանքը արդարացնել։

Բաւական չէ, որ դուք հաշտւում էք նրա հետ, որին սպանում էք։ Ձեր տխրութիւնը թո՛ղ սէր լինի դէպի Գերմարդը․ այսպէս միայն կարող էք արդարացնել ձեր կեանքը շարունակելը։

«Թշնամի» պիտի ասէք, բայց ոչ «չարագործ»․ «Հիւանդ» պիտի ասէք, բայց ոչ «սրիկայ», «յիմար» պիտի ասէք, բայց ոչ «մեղսաւոր»։