Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/60

Այս էջը սրբագրված է

— 55 —

Դու ինձ համար դեռ բանտարկեալի մէկն ես, որ տենչում է ազատութեան․ ա՛խ, շա՛տ է խելօքանում այսպէս բանտարկեալների հոգին, բայց և խորամանկանում ու վատանում։

Պէտք է իրեն մաքրի նաև ոգով ազատւածը․ նրա մէջ դեռ շատ բան է մնացել բանտի կեղտերից ու ցեցերից․ պիտի մաքրւի դեռ նրա աչքը։

Այո՛, ես ճանաչում եմ քո վտանգը։ Բայց յանուն իմ սիրոյ և յոյսի երդւեցնում եմ քեզ․ դէն մի՛ ձգիր քո յոյսն ու սէրը։

Շատ է ազնիւ քո զգացմունքը և շատ ազնիւ կարծիք ունեն և ուրիշները քո մասին, որոնք զարմացած են քո վրայ և չար հայեացքներ են ուղղում դէպի քեզ։ Իմացի՛ր, որ բոլորի ճանապարհին մի Ազնիւ է կանգնած։

Բարիների ճանապարհն էլ մի Ազնիւ է կտրել․ և երբ դրանք նրան բարի են անւանում՝ դրանով նրան մի կողմ ձգել են միայն կամենում։

Մի նոր բան է կամենում ստեղծել Ազնիւը և մի նոր առաքինութիւն։ Հինն է կամենում Բարին և որ հինը պահպանւի։

Այն չէ սակայն Ազնիւի վտանգը, որ նա բարի կդառնայ, այլ երբ նա յանդուգն, ծաղրող, ոչնչացնող դառնայ։

Ա՛խ, ես ճանաչում եմ շաե ազնիւների, որոնք իրենց ամենամեծ յոյսը կորցրին։ Եւ այժմ անուանարկում են բոլոր մեծ յոյսերը։

Արդ ապրում են նրանք լպիրշ ու մանր հաճոյքներով և հազիւ միայն միօրեայ նպատակներ ունեն։

«Ոգի է նաև հեշտանքը»—ասում են նրանք։