Ուր և է կան դեռ ժողովուրդներ ու նախիրներ․ բայց ոչ մեզ մօտ, ի՛մ եղբայրներ, այստեղ պետութիւններ կան։
Պետութի՞ւն։ Ի՞նչ բան է այս։ Ուրեմն՝ լաւ բաց արեք ականջներդ, որովհետև պիտի խօսեմ ձեզ հետ ժողովուրդների մահւան մասին։
Պետութիւն է կոչւում բոլոր սառն ճիւաղներից ամենասառը։ Սառնասիրտ է նաև ստում նա։ Եւ այո սուտը սողում է նրա բերնից․ «Ես, պետութիւնս եմ ժողովուրդը»։
Սուտ է այս։ Ստեղծագործողներն էին, որ ստեղծեցին ժողովուրդներին և նրանց մի հաւատարմութիւն թելադրաեցին․ այսպիսով ծառայեցին նրանք կեանքին։
Ոչնչացնողներ են նրանք, ովքեր թակարդներ են դնում «շատերի» համար և այդ պետութիւն անւանում․ դրանք մի սուր և հարիւր ցանկութիւն են կախում նրանց վրայից։
Ուր դեռ ժողովուրդ կայ՝ սա չի հասկանում պետութեանը և ատում է սրան իբրև չար աչքի և բարքի ու վարքի դէմ մեղքի։
Այս նշանակն եմ տալիս ձեզ․ իւրաքանչիւր ժողովուրդ իր չար ու բարիի լեզուն ունի, որ հարևանը չի հասկանում։ Իր յատուկ լեզուն է ստեղծել նա բարք ու վարքի մէջ։