Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/144

Այս էջը սրբագրված է

կարդալ: Ամեն րոպէ նա թափ էր տալիս գլուխը, այնքան հիացած էր դղեակի, քաղաքի և պարտէզի գեղեցիկ նկարագրութիւններից: «Բայց, անկասկած, այդ բոլորի մէջ սոխակը ամենից հրաշալին է» ասում էին գրքերը:

—Էդ ի՞նչ բան է, էդ սոխակը, ասաց կայսրը: Ես նրան չեմ ճանաչում։ Ուրեմն, իմ կայսրութեան, նոյն իսկ իմ պարտիզի մէջ մի այդպիսի թռչո՞ւն է գտնւում։ Եւ ես նրա մասին ոչինչ չեմ լսել երբէք, ու գրքե՜րն է, որ ինձ յայտնում են նրա գոյութիւնը:

Յետոյ նա կանչեց իր թիկնապահին: Սա այնքան հպարտ մարդ էր, որ, ամեն անգամ, երբ մի ստորադաս պաշտօնեայ համարձակում էր նրան խօսք ուղղել, նա չէր հաճում պատասխանել. «Փո՛ւհ», ասում էր միայն. ինչ որ ոչ մի իմաստ չունի:

—Այստեղ մի շատ հետաքրքիր թռչուն կայ եղել, որին անուանում են սոխակ, ասաց կայսրը. գրում են, որ իմ բովանդակ կայսրութեան մէջ, դրանից գեղեցիկ ոչինչ կայ։ Ինչո՞ւ համար ոչ ոք մի բան չէ յայտնել ինձ նրա մասին: