Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/23

Այս էջը սրբագրված է

— 23 —

ո՛չ էլ վիշտ կար: Նրանք Աստուծու մօտ էին:

Բայց, երբ սառը առաւօտը ծագեց, փոքրիկ աղջիկը՝ այտերը բոլորովին կարմրած, ժպիտը շրթներին, երկու տների մէջտեղ, անկիւնում նստել էր... մեռա՜ծ, մեռա՜ծ ցրտից, տարուայ վերջին գիշերը:

Նոր-Տարին ծագեց փոքրիկի մարմնի վրայ, նստա՛ծ այնտեղ, լուցկիների մէջտեղ, որոնց մի ծրարը գրեթէ ամբողջապէս վառուել էր: «Նա ուզեցել է տաքանալ», ասաց մի անցորդ: Բայց արար-աշխարհ անգիտացաւ այն գեղեցիկ բաները, որոնց նա տեսել էր, և ոչ ոք իմացաւ, թէ ի՜նչ շքեղութեան միջով նա մտել էր իր պառաւ տատի հետ Նոր-Տարին: