Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/70

Այս էջը սրբագրված է

Այս անգամ մեծ Կլօսը բոլորովին համոզուեց պարկի մէջ մտնելով.

—Օ՜ն, շո՛ւտ, օգնի՛ր ինձ. բայց, որպէս զի անպատճառ ջրի յատակն իջնեմ, եթէ ուզում ես, վզիս մի մեծ քար էլ կապիր. ո՞վ գիտէ, գուցէ ջրի երեսը մնամ։

—Հանգիստ կա՛ց, ասաց փոքրիկ Կլօս, անպատճառ յատակը կը գտնես:

Բայց մեծ Կլօսի վերջին ցանկութիւնն էլ կատարած լինելու համար, պարկում զետեղեց մի մեծ քար, բերանը կապեց հրեց գետի մէջ: Բո՜ւմ։ Մեծ Կլօսն իջաւ ջրի յատակը:

—Վախում եմ, սպիտակազգեստ, գրաւիչ օրիորդին չը հանդիպի, ժպտելով ասաց չարաճճի փոքրիկ Կլօսը:

Յետոյ, հօտը առաջը գցեց, ելաւ մեծ ճանապարհի վրայ և ուրախ զուարթ վերադարձաւ տուն: