միշտ ասում էր, որ եթէ մի մարդ իր մեծ մատը կորցնէ, այն ժամանակ նա չի կարող զինուորական ծառայութիւն կատարել։ Երկրորդ մատը ուտում էր և՛ քաղցր, և՛ թթուն, ցոյց էր տալիս արևը, լուսինը և յենւում էր գրչի վրայ, երբ միւս մատները ուզում էին գրել: Երրորդը՝ միջամատը՝ բարձրից էր նայում իր եղբայրների վրայ, չորրորդը կրում էլ մի ոսկի գօտի, իսկ վերջին փոքրիկը ոչինչ չէր անում, և դրա համար էլ չափազանց հպարտ էր։ Հինգ եղբայրները՝ բացի պոռոտախօսութիւնից, մեծամտութիւնից ոչինչ չը գիտէին: Այս պատճառով՝ ես էլ հեռացայ նրանցից. լաւ չա՞րի։
—Ի հարկէ. այժմ մենք նստած ենք այստեղ և փայլում ենք, ասաց շիշի կտորը։
Բայց ճիշտ այդ րոպէին լուացարանի մէջ ջուր լեցրին, որը եզերքներից դուրս թափուելով երկուսին էլ քշեց տարաւ իր հետ:
—Վերջապէս շարժւում, առաջանում ենք, ասաց խոշոր ասեղը: Նրանք հասան մինչև առուակը։ Շիշի կտորը շարունակեց ճանապարհը, բայց ասեղը կանգ առաւ առուակի մէջ: