—Բա՛րի լոյս, բա՛րի լոյս, դու դեռ ևս վեր չե՞ս կացել։
Կիրակի էր. զանգակները ժողովրդին եկեղեցի էին հրաւիրում. ամենքը քարոզ լսելու համար շտապում էին: Ժան հետևեց ժողովրդին, ինքն էլ մի սաղմոս երգեց եկեղեցում, յետոյ Աստուծոյ խօսքը լսեց: Նա յիշեց այն եկեղեցին, ուր մկրտուել էր, և ուր գնացել էր յաճախ իր հօր հետ փառաբանելու մանուկ Յիսուսին:
Այցելեց գերեզմաննոց: Այնտեղ շատ գերեզմաններ կային, որոնց մեծ մասի վրայ խոտ էր բուսել: Ժան մտածեց, թէ իր հօր գերեզմանն էլ գուցէ այդպէս անխնա մնացել էր: Նա նստեց, գերեզմանների խոտերը քաղեց, բարձրացրեց ընկած խաչերը և քամուց ցանուցիր եղած ծաղկեպսակները իրանց տեղը զետեղեց: Նա խորհրդածում էր.
«Գուցէ, այս րոպէիս, մի ուրիշը՝ իմ հօր գերեզմանին միևնոյն խնամքն է տանում. ես ուրիշ կերպ անել չեմ կարող»։
Գերեզմանատան դռան առաջ, մի մուրացիկ՝ փայտին յենած նստելէր: Ժան՝ նրան մի քիչ փող բաշխեց ու բաւականութեամբ ճանապարհը շարունակեց: