Այս էջը սրբագրված է



Առաջաբանի տեղ


I
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՅՍ ԱՇԽԱՏՈԻԹՅՈՒՆԸ…

Մեր թարգմանիչների ամառային տոնը 1903 թվականին գալիս էր հունիսի 26-ի օրը։ «Մշակի» խմբագրության մեջ աշխատողներս այնպես կարգավորեցինք մեր գործը, որ բացի այդ տոնից, երկու-երեք օր ազատ ժամանակ ունեինք։ Մտածեցինք այդ ժամանակը գործ դնել մի թեթև ճանապարհորդական պտույտի վրա։ Վճռեցինք այցելել Անին և այցելեցինք։

Ահա ինչից առաջ եկավ իմ այս աշխատությունը։

Ես այժմ էլ մի տեսակ գարմանքով եմ արձանագրում մեր տեսած իրողությունը. Անի գնալը - ճանապարհորդական մի թեթև պտո՜ւյտ։ Բայց դա ճիշտ իրողություն է, նոր իրողություն։ Մենք գնացինք առանց ծանր ու բարակ պատրաստությունների, առանց մեծ-մեծ հոգսերի. մեզանից շատերի համար գնալը մի կես ժամի ընթացքում կայացրած վճիռ էր. կային և այնպիսիները, որոնք հարկավոր չհամարեցին նույնիսկ փոխել ամառվա թեթև, քաղաքային հագուստը։

Իմ զարմանքը հասկանալի կլինի ընթերցողին, եթե նա ինձ պես շատ է կարդացել այնպիսի գրվածքներ, որոնց մեջ զանազան տեսակի, զանազան ժամանակների մարդիկ նկարագրել են իրենց ճանապարհորդությունը դեպի Անի։ Այդ գրվածքներից երբեք չի կարելի հետևցնել, թե Անին տեսնելը մեծագործության պես մի բան չէ։ Անիի ուխտավոր դառնալու համար, ամենաքիչը, հարկավոր է, որ ուղևորը շատ ազատ օրեր ունենա, բավական համբերատար, դիմացկուն, նույնիսկ չարքաշության սովորած մեկը լինի։