Այս էջը սրբագրված է

Թողնենք այն երկար ժամանակները, երբ Ախուրյան գետի աջ ափը պատկանում էր Օսմանյան պետության, և ավազակ քրդերի սարսափն էր տարածված Շիրակի դաշտերի վրա։ Այդ ժամանակներում հատուկտոր անհատներ միայն, օտար թե հայ, այնքան ուժ ու հարմարություն ձեռք ձգեցին, որ հեռու տեղերից, անմշակ ճանապարհներով գնացին տեսան ու նկարագրեցին Անին։ Վայրենի հասկացողությունները, վայրենի վարչությունը սանձարձակ են մանավանդ ավերակ, անտեր տեղերում։ Անին նման էր հեքիաթների կախարդական ամրոցներին, որոնց մեջ հրաշքներ կան, բայց որոնք վիշապների և այլ հրեշների ձեռքին են գտնվում։

Վաղուց են անցել այդ ժամանակները։ Ահա 25 տարուց ավելի է, ինչ Շիրակի արևմտյան մասը անցել է Ռուսաստանին։ Աոաջվա դժվարությունները, իհարկե, այլևս չէին կարող լինել, և ռուսաց տիրապետության հենց առաջին օրերից լայն բացվեց Անիի ճանապարհը այցելուների համար։ Շատերը գնացին, բայց անհամեմատ շատ-շատերը չկարողացան գնալ. ճանապարհը, այնուամենայնիվ, դեռ հանրամատչելի չէր։ Իմ խոսքը, իհարկե, Ալեքսանդրապոլի, Կարսի և այլ մոտիկ հարևանների մասին չէ։ Հեռու ապրողները չէին կարողանում գնալ։ Հինգ-վեց տարի առաջ հարյուր փափագողներից մեկին էր հաջողվում հաղթել տարակուսանքները, արհամարհել դժվարությունները…

Այժմ այդպես չէ։ Հինգ-վեց տարին էլ բավական է, որ հիմնովին հեղափոխվեն մի երկրի պայմանները։ Հանկարծ անհրաժեշտություն դարձավ Ալեքսանդրապոլի և Կարսի հետ արագ հաղորդակցություն ունենալը. միլիոնների կույտեր թափվեցին մի ըմբոստ բնություն նվաճելու համար, երկաթուղի շինվեց։ Ալեքսանդրապոլից հետո հերթը հասավ Երևանին։ Եվ ահա երևանյան գիծը տարվեց այնպիսի տեղերով, որոնք Անիի ավերակներից 6-7 վերստ հեռավորութուն ունեն։ Կա այդ գծի վրա մի փոքրիկ կայարան, որ Անի էլ կոչվում է։ Վագոնի միջից հեռատեսը հեշտ կարող է նշմարել հորիզոնի վրա կանգուն շինությունների ուրվագծերը։