Այս էջը հաստատված է

տվել եկեղեցիների շինության մեջ։ Եվ Ս. Փրկիչը իր արտաքին և ներքին տեսքով միանգամայն արժանի է Պահրավունիների հռչակավոր տոհմին, որ այնքան նշանավոր մարդիկ տվեց հայոց պետության և եկեղեցուն:

Եկեղեցու ներսը այնքան էլ հեշտ չէ մտնել, կանգնելու տեղ չկա: Լիքն է քարերով: Պատերը ներսից անկյունավոր են, ծեփի վրա նկատվում են նկարների հետքեր, որոնք կրոնական բովանդակություն ունեն: Նկարչությունն էլ միացած էր ճարտարապետության հետ: Ապլզարիպ իշխանի դաստակերտը գեղեցկացնելու համար: Բայց դա Մայր եկեղեցու գեղեցկությունը չէ:

Ս. Փրկչից մենք թեքվում ենք դեպի Հարավ: Բացվում են Անին այս կողմից շրջապատող ձորորի տեսարանները: Քաղաքի ծայրն է, երևում են պարիսպները: Մենք կանգ ենք առնում մի կույտ ավերակներ մոտ «թագավորական բաղնիս»: Բաղնիս լինելը ճիշտ պետք է համարել: Հողից ցած սենյակների հետքեր են երևում: Հեշտ կարելի է նկատել ջրի ավազանը, որի մեջ լողանում էին, պատերի մեջ երեվացել են ջրի կարմիր խողովակներ: Շինությունը ճաշակով է շինված, սրբատաշ քարերից: Գուցե և սովորական բաղնիս չէ, բայց ով կարող է ասել, թե թագավորների բաղնիսն էր դա: Ոչինչ հիշատակություն չկա: Իսկ այս կողմերում յուրաքանչյուր բան, որ որոշ անուն ու հիշատակարան չունի այցելուների երևակայության առարկա է դառնում, և ստեղծվում են անուններ ու ավանդություններ, որոնք հենց այն պատճառով, որ հավանականությունից հեռու չեն դառնում են մի տեսակ ավերակային ճշմարտություններ:

Բաղնիսից իջնում ենք մի փոքրիկ զառիվայրով դեպի մի փոքրիկ հրապարակ, որ ձգված է մեծ ձորի պռունգի վրա: