Այս էջը հաստատված է

է ձորի պատռվածքի ծայրին: Ներքևից ձորի հատակից, ոչ մի ճանապարհ, որ տաներ դեպի վեր, դեպի մեր մկրտած ապարանքը: Գուցե կարելի լինի մագլցելով վեր բարձրանալ: Իսկ վերևից ձորի պռունգից միայն թոկերի վրա կարելի է կախվել, ցած գնալ, սենյակների մուտքին հասնելու համար:

Մենք ոչ մեկն ենք անում ոչ մյուսը, այլ մեր կանգնած տեղից ուղղում ենք մեր դիտակները և տեսնում ենք այն, ինչ կարելի է տեսնել դրսից: Քարայրի ապարանքը կամ այրերի այդ խումբը ինչպես կամենում եք՝ անվանեցեք,-երկհարկանի է: Երևում են մի քանի կամարաձև գեղեցիկ դռներ, մի երկու սենյակների առջևի պատը քանդված է, և դուք տեսնում եք, որ նրանք ներսից ավազան են եղել: Ոչ միայն ավազան: Երկար մեր ուշադրությունը գրավում է իր բոլոր երեք պատերով, մեզ նայող սենյակը: Նրա մեջ մենք նկատում ենք բազմաթիվ դարակներ, նկատում ենք և ինչ-որ գունավոր նկարներ: Ապարանքի հարավային մասն է այդպես կիսաքանդ և ցույց է տալիս իր ներքինը: Մնացած մասը դեռ ծածկված շինության արտաքին ամբողջությունն է պահպանում և այդտեղ երևացողը պատուհաններն են միայն:

Բնականաբար մեզ իսկույն պիտի բորբոքեր այն հարցը, թե ի՞նչ է եղել այդ շինությանը: Կենդանի մարդուն մի անհայտ ու անխոս ավերակի առաջ ամենից շատ այդ է տանջում: Եվ մեզանից ամեն մեկը իր ենթադրությունն էր հայտնում: Մեկն ասում էր, թե երևի այդտեղ ապրելիս է եղել մի իշխան կամի շատ հարուստ մարդ: Իհարկե, ամենից առաջ մի այդպիսի միտք պիտի գա, քանի որ մենք գտնվում ենք մի մայրաքաղաքի, այն էլ իր փարթամությամբ հռչակված մայրաքաղաքի հողի վրա: Բայց մի ուրիշը իրավացի կերպով նկատում է, որ մասնավոր շինությունները այնքան մեծ ու փառահեղ չեն եղել, գոնե Անիի մեջ այդպիսի տան ապարանքի կանգուն ավերակներ չենք տեսնում: Կան այո շինություններ, որոնք եկեղեցիներ չեն, բայց մենք նրանց մասնավոր մարդկանց սեփականություն չենք ճանաչում և ասում ենք, թե դրանք պետական հիմնարկություններ պաշտոնարաններ են եղել: Այպես էլ այդ