Այս էջը հաստատված է

մեջ ինչպես Անիի հյուսիսային ամրությունները: Ձորը արդեն պաշտպանության մեծ մասը իր վրա է եղել վերցրած, ուստի պարիսպը այնքան բարձր չէ, չունի մեծ աշտարակներ: Իսկույն երևում է, որ այս պաշտպանողական միջոցը այնքան էլ շատ կարևոր չէ եղել և նրա վրա ուշադրություն չեն դարձրել: Մի հասարակ, հաստ պատ է, որքան կարելի է նկատել այս ներսի կողմից: Այստեղ էլ չէ երևում այն սոսկալի ավերանքը, որ այնպես ջարդ ու փշուր է արել, քանդել, այլանդակել է դաշտային մասի ամրությունները: Պահապանների շրջագայելու տեղերը, ցած իջնելու և բարձրանալու սանդուղքները,- ամեն ինչ մնացել է և լավ է մնացել:

Պարիսպը ոլորվում է այնպես, ինչպես Ծաղկոցաձորի կողմն է ոլորվում: Ահա նա ցած է դնում, մենք էլ գնում ենք նրա հետ, մեր ձախ կողմում թողնելով Միջնաբերդի բլուրը: Որքան մենք ցածրացնում ենք, այնքան Միջնաբերդը բարձրանում է մինչև, որ նրա գլուխը բոլորովին անտեսանելի է դառնում մեզ:

Ծաղկոցաձորի այս պատի կողմից Միջնաբերդի ամբողջ ետևի այսինքն հարավային մասն է երևում: Նա այս տեղից մի սապատող բարձրությունն է, լայնական մեծ լանջերով: Բլուրի գլուխը այնքան փոքր է, որ թվում է թե այս լանջերի վրա պիտի վառված լինեին Միջնաբերդի տները: Չէ՞, որ Անիի հին շրջանում մինչև հյուսիսային դաշտային մասը դուրս գալը այս բլուրի վրա էր գտնվում ամբողջ քաղաքը: Նա շատ մեծ չպիտի լիներ, քանի որ Միջնաբերդը իր բոլոր լանջերով, իր բոլոր ստորոտներով վերցրած այնուամենայնիվ, մի մեծ տարածություն չէ ներկայացնում և ավելի մի մեծ գյուղի է հարմարվում, քան մի քաղաքի: Ո՞ւր էր կարող նա զետեղված լինել, եթե ոչ բլուրի հարավային զառիվայր ու համեմատաբար լայնանիստ լանջերի վրա: Բնակությունները այստեղ պիտի հասնեին մինչև պարիսպները: Եվ, սակայն այս ամբողջ տարածությունը այժմ մաքուր ու բաց է, կարծես սրբված: Ոչ տան հետքեր են երևում, ոչ ավերակներ կամ գոնե