այս տեղի ամբողջ անցյալին։ Գոնե այդ դեպքում ավերանքը այնքան չէր տանջի, չէր զայրացնի իր թանձր, անթափանցելի մթությամբ, անհայտությամբ:
Դարձյալ հո՞ւյս դնել ապագայի վրա, դարձյալ պեղումներին սպասել: Բայց մտածում ես, այն ի՞նչ հսկայական ուժ պիտի լինի, որ կարողանա մաքրել այս ահռելի քարակույտերը, ջոկել պիտանին անպիտանից և վերականգնել: Միջնաբերդի պատկերը գեթ հողի երեսին առանց պատերի, այսինքն պարզել գեթ նրա հատակագիծը։ Հուսահատական հարց։ Տարիների, տասնյակ տարիների տոկուն աշխատանք է հարկավոր: Բայց կարելի է սպասել նրան, երբ դեռ դիտավորություն անգամ չէ ծագել։
Ճիշտ է նկատել Մուրավյովը, թե այստեղից է սկսվել զարհուրելի ավերանքը, այստեղից է ցած իջել, տարածվել քաղաքի մեջ: Թվում է, թե հրեշավոր կործանիչ ուժերը նախ և առաջ այստեղ են գումարվել, ծովացել, այստեղ են ժայթքել կործանում և մահ և ապա ցած են գլորվել, տարածվել են լավայի պես Շիրակի դաշտերում…
Հիշատակարանները չկան, կորած են, բայց բնությունը իր սեփականությունը պահել է անփոփոխ և այցելուի համար այն մխիթարությունը կա, որ այդ բարձր դիրքից կարող է ուզածին չափ զմայլվել այն մեծ ընդարձակ տեսարանով, որ փռված է չորս կողմում:
Փոքր ու անձուկ մի տարածություն է Միջնաբերդի գլուխը: Նրա երկարությունր, արևելքից արևմուտք քայլերով կարելի է չափել: Մի րոպեի մեջ Ախուրյանի ձորի տեսարաններից դուք անցնում եք Ծաղկոցաձորի տեսարաններին: Իսկ լայնությունը ավելի նեղ է, և հարավի ու հյուսիսի տեսարանները մի երկու քայլով են իրարից հեռու: Հարավում գզգալեի ձորերը, հյուսիսում գաշտերը մինչև Ուչ թափան։
Ծաղկոցաձորին նայող ծայրի կամարազարդ ավերակների մոտից մենք նայում ենք դեպի հեոուն: Ուղիղ գծով մեր դիմաց Սլաջայի փեշերն են, իսկ նրանց տակ, ստորոտում, մի տեղ կա, որ Անիի հետ կապված է բազմաթիվ հիշատակներով: Այժմ այդ տեղը կոչվում է Ղոգլիջա - մի թուրքական փոքրիկ գյուղ, որի մոտ, սակայն, մի փառավոր եկեղեցի է