Այս էջը հաստատված է

չեն արել այդ գաղափարը տարածելու համար-կլիներ մի մեծ անարդարություն: Աշոտը միության սկիզբը դրել էր նրա առաջին հաջորդները գնացին այդ ուղղությամբ: Բայց այդ հաջորդները բախտ չունեցան հենց աոաջին քայլերում, երբ Բագրատունյաց գահը չէր էլ ամրապնդել, երբ նա նույնիսկ մշտական մայրաքաղաք էլ դեռ չուներ երկիրը տակն ու վրա արին եղբայրասպան պատերազմները: Որքան դժբախտություն, որքան արյուն ու ավերում տեսավ հայոց աշխարհը, մինչև Բագրատունիները համոզվեցին որ ընդհանուր պետական գաղափարը չէ կարելի իրագործել և ստիպված եղան ամփոփվել իրանց կալվածների սահմաններում, բավականանալ տեղային, մասնավոր անկախությամբ:

Ով էր մեղավորը: Դարձյալ ֆեոդալական սիստեմը, Հայաստանի միության, ուժեղացման հին թշնամին: Ոչինչ չկարողացավ խելքի բերել նրան, քաղաքական փոթորիկները, տկարության անհամաձայնության բոլոր բոլոր արհավիրքները եկել ու անցել էին երկրի վրայով առանց խրատական նշանակություն ունենալու: Հին, պատմական իմաստուն ասացվածք է թե հայերը անմիաբան ազգ են: Դա նշանակում է որ Հայաստանում պետական կազմակերպությունը երբեք ֆեոդալական սիստեմից հեռու չէ գնացել: Բագրատունիների ժամանակ Եվրոպայում անգամ պետական միության գաղափարը դեռ չէր իրականացել, ինչպես մեղադրել հայերին որոնց հայրենիքը դեռ ամենահին ժամանակներում, դեռ ուրարտացիների ժամանակ, գավառական մանր թագավորությունների մի ցանց էր ներկայացնում: Այդ հիմքը մնաց անխախտ ծծվեց ազգի արյունի մեջ: ֆեոդալական դրությունը դեռ երկրի թուլություն չէր կարող լինել այն դեպքում, երբ ուժեղ էր կենտրոնական իշխանությունը, երբ թագավորը կարողանում էր ճնշել, հարկադրել տեղական իշխաններին, հնազանդության մեջ պահել նրանց: Այդպիսի ուժեղ կենտրոն Հայաստանը շատ քիչ է ունեցել, այդ պատճառով էլ նրա պատմությունը համարյա սկզբից մինչև քաղաքական ինքնուրույն կյանքի վերջը ներքին թուլության, բաժան-բաժան կացության, տեղական շահերի անհաշտության պատմությունն է: