Այս էջը հաստատված է

կոպիտ ու անողոք կախված է իսպառ անհետացման, վերջնական խորտակման սպառնալիքը:

Դարձյալ մեր կառքերը չորս անիվներով խառնվում են ավերակների բյուրավոր քարերին:

Ավագ Դուռը մեզ ընդունել էր գիշերով, երբ լուսինն էր իր լուսոտ լապտերը կախել երկնքից, այժմ դուրս է տանում ամառային օրվա այն ժամին, երբ անցել է միջօրեի տապը և արդեն իրիկնապահի հովերն են բարձրանում: Տպավորությունը տարբեր է մտնելու և դուրս գնալու միջոցին: Եկողը դրսից տեսնում է իրար մոտ կանգնած կլոր աշտարակները, որոնք պահպանել են իրենց ձևը: Ներսից գնացողը ունի իր առջև այս աշտարակների մյուս երեսը: Ավերված, մաշկված, նրանք ցցվում են իբրև զուգված սև գերեզմաններ, իբրև հսկա մումիաների պատյաններ, որոնց մեջ այլևս մարմին չկա: Այդ սև, ներսից կիսակլոր և վերևից կամարավոր պատռվածքներից, մահը դիտում է իր իշխանության մատնված քաղաքը:

Իսկ ինքը, Ավագ Դու՞ռը: Ներսից նա ավելի սաստիկ ավերված է, կուչ է եկել իր քառակուսի երեք հարկանի աշտարակի մոտ, կողքը տվել է նրան, բայց էլի սաստիկ ճնշված է իր գլխին ու ուսերին նստած քարակույտերից: Տխու՞ր դուռ։

Քանի դեռ Անիի ներսումն ենք, հիշենք որ այստեղ, պարիսպների մոտ Ավագ Դռան աջ կողմում պրոֆեսոր Մառը 1892 թվականին պեղել, դուրս է բերել մի փոքրիկ եկեղեցի, Գրիգոր Լուսավորչի անունով։ Հարգելի գիտնականը մեծ հիացմունքով է խոսում այդ փոքրիկ շինության գեղեցկությունների մասին։ Դրսից այդ Ս․ Լուսավորիչը ծածկված է եղել շքեղ քանդակներով, իսկ ներսից բոլոր պատերը, մինչև գմբեթի ծայրը հարուստ գունավոր նկարներով էին ծեփված, որոնք իհարկե, կրոնական բովանդակություն ունեին։ Ամենից հետաքրքրականն այն է, որ եկեղեցու մեջ պատերի մեկի առջև դրված է եղել եկեղեցին շինողի քանդակագործ պատկերը, որ ձեռքին բռնած ուներ եկեղեցու կաղապարը։ Պատկերների տակ, ծեփի վրա եղել են հայերեն արձանագրություններ, որոնք պատկերների բովանդակությունն էին։