Այս էջը հաստատված է

Անտանելի շոգ էր վագոնում։ Մեզ սկսեցին նախազգուշացնել, որ ի լրումն ամենայնի, նստարանների բարձերը լիքն են բաղլինջներով։ Մեր ընկերներից մի քանիսը վճռեցին չքնել։ Դեռ կարելի էր արհամարհել շոգն ու բաղլինջները բայց ի՞նչ անել, երբ տեղ չկա։ Երկաթուղու լարչությունը իրան պարտավոր չէ համարում քնելու տեղ տալ ամեն մեկին։ Դա նշանակում է որ նրա համար միևնույն է, եթե միատեսակ փող վճարողների մի մասը ամբողջ գիշերը աչք չփակե։ Զուր չէ մարդը իր սփովանքի համար հնարել «բախտ» ասած հասկացողությունը։ Բախտի բան է։

Եվ այդ գիշեր բախտի խորթ զավակ հանդիսացածները կարծում էին, որ բոլորովին դժվար չէ անքուն մնալը։ Հունիսյան գիշերը մատի երկարություն ունի։ Կեսն արդեն անցել է, կեսը կարելի է դեն գցել կուչ գալով մի անկյունում և աչքերը անդադար թարթելով։ Սկզբում այդ շատ, հեշտ էր երևում։ Դանդաղ հեռացող գնացքի առաջ փռված իր գիշերայի Թիֆլիսը, որ իսկապես գեղեցիկ տեսարան է իր անհամար հրագներով։ Բայց ահա ծածկվեց տեսարանը։ Թիֆլիսը դեպի հակառակ կողմն էր վազում և անկարծ անհայտացավ, կարծես կուլ գնաց տարածության մեջ։ Անհամար անիվները ավելի արագ են գլորվում և նրանց թխթըխկոցը դառնում է մի անընդհատ, միապաղաղ դղրդոց միանման և հոգնեցուցիչ։ Պատուհանների առջևով մի քանի շինությունն էր, մի ինչ որ կամուրջ փախան և այնուհետև շրջակայքը ձգվում էր գիշերային աղոտ ու անորոշ լույսի մեջ։

Շուտով նրանք էլ ձանձրացրին վագոնի մեջ խոսակցության ձայները հետզհետե մարեցին։ Գիշերը ծանրացնում էր աչքերը, և նրանք փակվում էին արհամարհելով ամեն մի դիմադրություն։

Ես չդիմացա այդ ուժին։ Բայց Մորփեոսի կամ ավելի ճիշտ ասած Անդրկովկասյան երկաթուղու բաղլինջների գրկում երկար չմնացի։ Հազիվհազ էր լույսը սկսել առավոտյան մութի թանձր ծալքերը նոսրացնել երբ զարթնեցի և նայեցի պատուհանով։ Մենք մոտենում էինք մի լայն ձորի։ Դեռ դաշտեր էին, դեռ մեծ մեծ բլուրներ էին երևում։ Մի գետ պղտոր, վշշան գետ գալիս էր վերևից կամ բոլորովին