Այս էջը հաստատված է

սակայն, աշխույժ ու տաք չէր և մենք լսում էինք, հարցեր էինք տալիս ակամա: Երկաթուղին, ինչպես գիտեք, շատ է հոգնեցնում: Այդ նկատելի է մանավանդ այն տեղերում՝ ուր բնությունը ձանձրացնում է իր միանման տեսարաններով: Բայց Շիրակը, մանավանդ Ալեքսանդրապոլի շրջանակներում ունի մի գեղեցիկ տեսարան, որ և սթափեցրեց մեզ ամենքիս թմրությունից: Ձեր առջև, բարձր լեռնաշղթայի վրա խրոխտաբար բազմել է ու իր հպարտ գլուխը մինչև երկինք է տարել Արագածը: Նա իր ձյուներով պսպղում է ամպերի միջից և տիրում է ամբողջ դաշտի վրա: Առաջին անգամ տեսնողներս հիացած էինք նրա տեսքի վրա: Կանաչ, մինչև երկնքի մեջ ցցված գագաթները տիրաբար հսկա: Ամեն օր շիրակեցին տեսնում է իր Արագածը, բայց և միշտ նայելով գեղեցիկ հսկային, չի կարող զսպել իր հիացական բացականչությունները, մանավանդ՝ երբ օտարերկրացի կա նրա հետ: Դա մի ամբողջ պաշտամունք է, որի հուզիչ արտահայտությունները խոսում են ժողովրդական երգերի մեջ: Շիրակեցու բանաստեղծությունն է Արագածը, շիրակեցին իր սիրուն սարով է պարծենում: Իր երկիրը եկած անծանոթ ուղևորին նա ամենից առաջ իր պարծանքն է ցույց տալիս և վախենալով թե օտարականը կարող է այն չզգալ, ինչ ինքը զգում է մանկությունից, գովում է Արագածի գեղեցկությունը և ասում է, թե գեղեցիկ է Արագածը հատկապես Շիրակի դաշտից: Դա ճիշտ է։ Արարատյան դաշտից էլ երևում է Արագածը, բայց այդտեղ Շիրակի սիրելին գեղեցիկ չէ, նույնիսկ տգեղ է ինչպես հավատացնում է շիրակեցին: Ականջ դրեք այն խոսակցություններին, որ Արագածի տեսքն է հարուցանում մարդկանց մեջ և դուք կճանաչեք ժողովրդական հոգու ամենաբնորոշ մի գիծը: Ժողովուրդը բանաստեղծ է, պաշտում է բնությունը, բայց չի սիրում ամայությունը, վատությունը: Նա երկրպագում է ստեղծագործող, կենդանարար սկզբունքին: Սիրելի է Արագածը ոչ միայն այն պատճառով, որ բարձր սար է, գեղեցիկ է, այլև այն պատճառով, որ այդ բարձրությունն ու գեղեցկությունը գիտի