Այս էջը հաստատված է

Նրա կառքը համարձակ ինքնավստահությամբ վազեց հորդ ջրերի մեջ և սկսեց դանդաղ կերպով կտրել նրանց նվաճել ալիքները, սաստիկ երերալով քարաքարոտ հունի մեջ: Մյուս կառքերն էլ հետևեցին նրա օրինակին: Աղյուզումցի հայերը, մինչև գոտիները ջրի մեջ, առաջնորդում էին մեր կառքերը, հարմար ուղղություն էին ցույց տալիս ձիաներին և ձիաները զգուշություն ու եռանդ չխնայեցին, գլուխ բերեցին իրանց գործը հաջողությամբ: Մեր ամբողջ խումբը մյուս ափին ուրախ ու գոհ էր: Ոչինչ վնաս չէր պատճառել միայն շատերի ոտներն էին թրջվել: Ջուրը բարակ շերտով անցել էր կառքերի միջով:

Ախուրյանի աջ ափից Շիրակի դաշտը գնալով նկատելի կերպով բարձրանում է: Մենք գնում ենք դեպի մի շարք թումբեր և հետզհետե մեր առջև բացվում է Ալաջայի երկաթ ու բարձր շղթան, որ դաշտի հարավային սահմանն է կազմում և ձգվում է Ախուրյանի ափերից մինչև Կարսի շրջակաները: Նրա առջև, դաշտի վրա զանազան տեղերում և զանազան ուղղություններով բարձրանում են առանձին առանձին լեռնային խմբեր, որոնք ժողովրդական լեզվի մեջ «գագաթներ» են կոչվում:

Եվ իրավ դրանք գագաթներ են՝ դաշտի հարթության վրա ցրված մենք դիմում ենք դեպի երեք միմյանց կողքի կանգնած գագաթներ նրանց անունն է Ուչ-Թափա բայց նախքան նրանց հասնելը մեր կառքերը կանգ են առնում Մավրակ գյուղի մոտ ձիաներին հանգստություն տալու համար:

Բնությունից՝ իհարկե Շիրակի բնությունից՝ այս փոքրիկ գյուղը (30 տնից ոչ ավել) ստացել է մի շատ սիրուն անկյուն: Նա տարածված է մի ժայռոտ թումբի լանջերի վրա և նրա առջև դեպի արևելք բացված է ահագին հորիզոն Արագածի գագաթները ուղղակի գյուղին են նայում: Դեպի արևմուտք հեռու-հեռու Կարսի շրջակա սարերի կանաչ լանջերն են ողողված արեգակի լույսերով: Այդ ուղղությամբ էլ երևում է Կըզըլ Թափան դաշտի մեջ կանգնած բարձրությունը որ ահավոր անուն է ստացել վերջին ռուս-թուրքական պատերազմի ժամանակից: Մավրակի աջ կողքով