զարմանալի կանաչ ափերի մեջ, հեզիկ անցնում է Մավրակ լայ դետակը, Ալաջայի դալար շղթայի ջինջ տուրքը:
Պատմությունից էլ Մավրակը ստացել է մի սիրուն դիրք մեր հնությունները այնքան լավ ճանաչող Ղ. Աշիշանն ասում է, որ այստեղ է եղել հին Մավրիկապոլիս քաղաքը, որ 5-րդ դարում շինվել է ի պատիվ բյուզանդական Մորիկ հայազգի կայսրի: Մինչև Շիրակավանի բարձրանալը և արքունիք դառնալը, սա էր Շիրակի գլխավոր քաղաքը, կենտրոնը, սա, այս խեղճ ու կրակ գյուղի կտորը:
Երբ է հռչակավոր քաղաքը այս դրության վերածվել: Ի՞նչ իմանաս մի հատ փոքրիկ եկեղեցի է միայն մնացել, որ ոչինչ չէ ասում: Անխոս են շրջանակները: Քարե ցածրիկ արկղներում ապրող գյուղացիներն էլ ոչինչ չեն ասում: Ամենամեծ պատմական հիշողությունը, որ մնացել է ներկա սերունդի մեջ, 1877-ի պատերազմն է: Մի գյուղացի ցույց էր տալիս ինձ, թէ իրանց որ հանդերում են տեղի ունեցել կռիվներ և պատմում էր, թէ Մավրակը քանի անգամ գազանության ենթարկվեց:
Այժմ չկան այն սարսափները: Այժմ ամեն օր միանման խաղաղության և լռության մեջ են այս դաշտերն ու գագաթները դուրս գալիս ցերեկվա լույսի մեջ: Ամայություն գերեզմանական լռություն: Լուռ ու անշարժ նայում են Ուչ Թափայի գագաթները իրանց առջև ցցված բարձր ու խրոխտ Ալաջային: Այն տարին, որ այնպես լավ ու պարզ հիշվում է դեռ այս խաղաղ գյուղացիների շրջանում, Ալաջայի բարձրությունները ծածկված էին Մուխթար փաշայի ահագին բանակի վրաններով: Ամիսներով նստեցին թուրքերը այնտեղ. ի՞նչ էին անում,- ալլահը գիտե: Իսկ այս կողմին Մավրակից դեպի հյուսիս արևմուտք կանգնած էր ռուսաց փոքրաթիվ զորքը, որ սպասում էր օգնական զորքերին: Ուչ Թափան ռուս բանակի ձախ թևի հենարանն էր: Այսօր էլ, ասում են այդ գագաթների վրա դեռ մնում են թնդանոթների տեղերը՝ հողե ամրությունների փոսերի հետքերը: Հասարակ մարդն էլ, որ չէ եղել պատերազմի մեջ, ծանոթ չէ ռազմական գիտության, մնում է զարմացած թուրքերի անընդունակության վրա: Ամիսներով թառ լինել բարձրությունների