Էջ:Արամ Գառօնէ - բանաստեղծութիւններ.pdf/1

Այս էջը հաստատված է


ՀՈԳԻՍ ՏԱՃԱՐ Է


Հոգիս տաճար է․ ազնիւ իղձերի
Շողարձակ ջահ է իմ սիրտն այնտեղ,
Եւ յոյզերն իմ նման մոմերի՝
Առկայծում են հեզ, արցունքով բիւրեղ։

Հոգիս տաճար է․ մտքիս բուրվառից
Միշտ խնկարկւում է կնտրուկը կեանքի,
Եւ խիղճս՝ ճերմակ զգեստով անբիծ,
Այնտեղ ամէն ժամ կանգնած աղօթքի՛։

Հոգիս տաճար է․ աչքերս թախծալից
Լուսամուտներն իր՝ աշխարհի դիմաց,
Նրանց խոհական, անչար փեղկերից
Ո՛չ մէկ յանցաւոր ստւեր չէ՛ սահած։

Հոգիս տաճար է․ եւ կամքս նրա
Գմբէթն է կայուն ու երկնասլաց.
Քանի ապրում եմ այս երկրի վրայ՝
Արե՛ւ, իմ շէնքը միշտ կա՛յ քո դիմաց։