Էջ:Արամ Գառօնէ - բանաստեղծութիւններ.pdf/3

Այս էջը հաստատված է


ԾԵՐ ԿԱՂՆԻՆ



Այս մեծ ճամբի վրայ, մենաւոր ու տրտում
Ահա մի ծերացած, մի հին կաղնի,
Տարիների դիմաց, ժամանակի մուժում
Որպէս մի պատմաբան հնամենի։

Խոլաթեւ ու դաժան ձմեռներ են իջել
Կնճիռներով ծածկւած իր ճիւղերին,
Ու գարուննե՜ր, ժպտուն գարուններ են ծաղկել,
Նոր ոստեր են փթթել իր ուսերին։

Քարւաններ են անցել կարօտ մի զով շուքի,
Տարիների նման ծանր ու հանդարտ,
Ու թողել են այնտեղ յոգնութիւն ու փոշի,
Կեանքի վհատ խօսքեր ու խուլ գանգատ։

Եւ անցել են, անցել ժամանակ ու ճամբորդ,
Այս մեծ ճանապարհից անցե՛լ անհետ,
Մնացել է որպէս մի յիշատակ աղօտ՝
Մենաւոր այս ծառը իր շուքի հետ։

Ու պիտի գան նորէն, պիտի գան ու անցնեն
Դեռ ճամբորդներ դադրած ու յոգնաբեկ,
Պիտի նստեն մի պահ ու վերստին անցնեն,
Ժամանակի հանդէպ համր ու անգէտ։

Այս մեծ ճամբի վրայ, մենաւոր ու տրտում
Ահա մի ծերացած, մի հին կաղնի,
Տարիների դիմաց, ժամանակի մուժում
Որպես մի պատմաբան հնամենի։