Էջ:Արամ Գառօնէ - բանաստեղծութիւններ.pdf/4

Այս էջը հաստատված է


ՄԱՆԿՈՒԹԻՒՆ


Նւէր եղբօրս


Նրանք խաղում էին ծաղկած բնութեան մէջ,
Երկու մանուկ էին՝ երկու գառնուկ գարնան․
Նրանց մատաղ հոգում կեանքի կրակն անշէջ
Բոցկլտում էր, ծնում շարժում, եռանդ ու կեանք։

Մղւում էին նրանք բնազդական տենչով,
Թուփ ու մացառ անցնում, ցատկում թումբերն ի վեր,
Ամեն մէկի համար աշխարհն անծիր մի ծով,
Ինքը հողմ ու քամի, ինքը իշխող ու տէր։

Բայց կանգ առան․․․տեսան՝ յանկարծ խաղի կէսին՝
Արտուտիկն էր ճախրում իրենց գլխավերեւ․
— Ինչո՞ւ թեւեր չունենք․․․— մէկէն նրանք ասին,—
Ա՜խ, ի՜նչ լաւ է ճախրել, թռչել հողից վերեւ․․․

Ու պոկում են ահա, դալար ոստերն ուռու,
Նրանց սրտում մանկան ծաղկում է վառ երազ,
Պիտի հիւսեն թեւե՜ր, թռչեն հեռո՜ւ, հեռո՜ւ,
Մինչեւ երկինքը լուրթ, մինչեւ արեւն անհաս։

Նրանք հիւսում էին․․․ ճախրում երկինքներում,
Երկու մանուկ էին, երկու տատրակ գարնան,
Ջինջ աչքերում նրանց խինդն էր բոցավառւում,
Մանկութի՜ւնն էր երգում յաւերժ երանութեան։