Էջ:Արամ Գառօնէ - բանաստեղծութիւններ.pdf/5

Այս էջը հաստատված է


ՅԻՇԱՏԱԿՆԵՐ



Իմ յուշերի հետ հիմա ես մենակ,
Եկել, շրջում եմ այս հին քաղաքում․
Առջեւս են ելնում հողէ պատի տակ
Դէմքեր, որ բնաւ ինձ չեն ճանաչում․․․

Բայց ես նայում եմ նրանց կարօտով,
Ինչպէս ծեր մայրը որդուն է նայում,
Եւ ինձ թւում է մի ձայն հոգեթով,
Այս փակ փողոցում սիրտս է հմայում։

Եւ ինձ թւում է, որ այդ փողոցի
Յատակին ցցւած մեծ քարն է խօսում․
—Անցո՛րդ,—ասում է, —քեզ ճանաչեցի,
Ոտքիդ վէրքից էլ արիւն չի՞ հոսում․․․

Չէ՞, երէկ էր այն, երբ խենթ թռիչքով
Անցար, ոտքիդ տակ առանց նայելու,
Անցար սուրալով, ինչպէս անսանձ հով,
Երկիր ու երկինք մէկէն տիրելու․․․

Յանկարծ դէմ առաւ ոտիկդ իմ լանջին,
Փոքրիկ մարմնովդ փռւեցիր գետին,
Ասես, հիմա էլ, դեռ իմ ականջին
Հնչում է ցաւի լացդ դառնագին։—

Նայում եմ քարին, յիշում եմ մէկ-մէկ
Անցած օրերըն իմ լաւ մանկութեան,
Խաղընկերներս, գլխաբաց, բոբիկ,
Մայր ու դրացի․․․ որ հիմի չկան․․․

Որ հիմի արդէն դարձել են անհաս,
Դարձել են կարօ՜տ, յուշ ու յիշատակ,
Ժամանակի մէջ շաղւած մի երազ՝
Եկել, պահւել են այս չոր քարի տակ։

Ու կռանում եմ փնտռելու կրկին
Քարի տակ պահւած դէմքերն սիրասուն․․․
Բայց․․․ դէմ է առնում քարըն իմ կրծքին,
Այս անգամ արիւնն սրտիցս է հոսում։