Էջ:Արամ Գառօնէ - բանաստեղծութիւններ.pdf/7

Այս էջը հաստատված է


ԿԱՐՕՏԻ ԿԱՆՉՈՎ



Գերանդին ուրախ զնգաց դաշտերում,
Հայրենի՛ երկիր, ողջո՜յն քո բերքին․
Ողջո՜յն քո երգին, ստեղծող ձեռքին,
Լիութեան ոսկին փռւեց դաշտերում։

Հասուն հասկըն է խինդով մահանում,
Օ՜, բերրի արտեր, ձեզ հազա՜ր համբոյր,
Օրհնութիւնով բի՜ւր եւ արեւաբոյր
Հասկն է ոսկեհուր այնտեղ մահանում։

Եւ լեռնանում է ցորենի ոսկին,
Անխո՛նջ մշակներ, ձեր հեւքն եմ լսում․
Շողշողուն լոյսում ձեր սիրտն է յուզում
Յոյզերով հասուն ցորենի ոսկին։

Գերանդին ուրախ զըրընգաց դաշտում,
Զնգաց իմ սիրտն էլ երգիս ղօղանջով,
Կարօտի կանչով, ա՜հ խորունկ տենչով
Լինէի ես էլ հայրենի դաշտում․․․

Լինէի՜ ես էլ հայրենի դաշտում
Անչար ու ճերմակ իմ ծերութեան հետ,
Օ՜, երանաւէտ ննջէի յաւէտ
Անդորր ու խաղաղ հայրենի դաշտում։