Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/13

Այս էջը հաստատված է

Վռամեան.- Պրոպագանդը քիւրտ աղաների շրջանում ի՞նչ ուղղութեամբ պէտք է առաջ տանել, որպէսզի նրանց կարելի լինի շահագրգռել մեր գործով:

Շահխաթունեան.- Քրտերը գիտե՞ն, որ ներկայ կարգերը փոխուելուց յետոյ, գալիք փոփոխութիւնները տեղի պէտք է ունենան հայ յեղափոխութեան միջոցով:

Արամ․- Քիւրտ աղաներին ի հարկէ դժուար է մեր ծրագրով ոգևորելը, քանի որ վերջինս նրանց շահերին հակառակ շատ կէտեր ունի իւր մէջ. օրինակ՝ մեր տնտեսական ծրագրի հետ նրանք երբեք չեն կարողանայ հաշտուել։ Եւ այդ մասին էլ բոլորովին չենք խօսում նրանց առաջ, այլ ծանրանում ենք բացառապէս քաղաքական ծրագրի վրայ: Մենք աշխատում ենք գրգռել քիւրտ աղաներին կառավարութեան դէմ, համոզելով՝ որ կառավարութիւնն իրենց թշնամին է: Անկասկած, դժուար թէ քիւրտերն այն աստիճան թշնամանան կառավարութեան, որպէսզի մեր ապստամբութեան ժամանակ միանան մեզ հետ, բայց յոյս կայ, որ չէզօք դիրք կը բռնեն, գոնէ այդպես են ասում աղաներից շատերը․ անմիջական օգնութիւն ցոյց տալ մեզ չեն կարող․ եթե օգնեն և այնուամենայնիւ կառավարութիւնն յաղթող հանդիսանայ, այս դեպքում նրանք աւելի են տուժելու, քան մենք: Քրտերը բացառապես հայ յեղափոխականների վրայ չեն մատնացոյց անում, որ սրանք պէտք է փոխանակութիւն մտցենեն Երկրի մէջ. նրանք ազդուել են առհասարակ և՛ ռուսական շարժումներից, և՛ տաճկական վերջին ցոյցերից, և պարսկական շարժումներից, և՛ Պոլսի մահափորձից:

Ստեփանեան․- Այդ մահափորձը ի՞նչ տպաւորութիւն թողեց թուրք և քիւրտ ազգաբնակութեան վրայ:

Արամ․- Դատավարութիւնից յետոյ միայն իմացուեց, որ հայերն են եղած փորձը կատարողները և մեր հարևանները շատ ափսոսացին, որ ձեռնակութիւնն անյաջող էր անցել: Փորձը խորը տպաւորութիւն թողեց, Կազմակերպութեան հմայքը բարձրացնելու [տեսակէտից]:

Վռամեան․-Ինչպէս ասում են․ քրտին քիրվայ դարձնելու համար, նախ և առաջ հարկաւոր է նրան տփել: Այս տեսակէտից, հետաքրքիր է գիտնալ,- արդեօք միայն այն քրտե՞րն են մեզ բարեկամ, որոնք արդէն մեր հարուածներն են առել։

Արամ․-Մենք համոզուած ենք. որ համերաշխութեան գործը առանց հարուստների պետք է առաջ տանել․ մենք պրոպագանդային ենք աւելի ուժ տալիս և յոյս ունենք, որ այդ ուղղութեամբ աւելի շուտ իրականացրած կը լինենք մեր ցանկութիւնը: Մանաւանդ ներկայումս միանգամայն անկարելի է հարուածներ տալ քրտերին:

Վարդան․-Քրտերի հետ կապ հաստատելիս, ի՞նչպէս եք վարում բանակցութիւնները: