Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/14

Այս էջը հաստատված է

Արամ.- Իւրաքանչիւր աշիրէթի մարմնացումն է աղան և մենք յարաբերութիւն ունենք աղաների հետ, որոնք իրանք են գալիս քաղաք՝ մեզ մօտ:

Սեպուհ-Զարմանալի է, որ աղաները կարողանում են ոգևորուել մեր «ադալաթով»՝ արդարութեամբ. ինչո՞վ բացատրել այս երևոյթը:

Արամ.-Կառավարութիւնը սկսել է սանձահարել աղաների աւազակութիւնները, միւս կողմից էլ տուրքերն է ծանրացնում. այստեղ աղաներն կարծում են, որ կառավարութիւնն այլևս չարիք է դառնում իրենց համար: Աղաները «ադալաթ»-ի գաղափարը միայն այդ տեսակէտով են հասկանում:

Գուսան [Աւետիք Իսահակեան].- Ի՞նչպես են վերաբերւում ռայա քրտերը դէպի համիտիէները:

Արամ. - Համիտիէների վրայ գէշ աչքով են նայում, որովհետև նրանք ճնշումներ են գործ դնում, ապա՝ համիտիէները լեռնական քրտերի ատելութիւնն են վաստակում նրանով ևս, որ փոխում են իրենց արտաքին կերպարանքը: Իսկ այն հարցին, թե արդէօք «Քրտիստանի գաղափարը ուժե՞ղ է քրտերի մեջ» պէտք է ասեմ, որ [ուժեղ է] միայն Բոտանի կողմերում:
Հարցերը սպառւում են:
Նախագահը առաջարկում է Վասպուրականի տեղեկագրի միջից հանել Մարմնի արած առաջարկները՝ 10 կէտից բաղկացած և յանձնել դիւանին:
Համաձայնութիւն:

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 75-76:

N8

Հ. Հ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 56-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

27 մարտի 1907թ.

Նախագահում է՝ Թոփչեան:
Ներկայ են 24 ժողովական
Բացակայ են՝ Սեպուհ, Անդրանիկ (հիւանդ):

Նախագահը քուէարկութեան է դնում ապստամբական ձեռնարկների բանաձևերը:
1. Թոփչեան-Մալումեան-Արամի բանաձևը ստանում է 10 ձայն թեր, 3 դէմ, 8 ձեռնպահ:
2. Զարգարեան-Ռոստոմի բանաձևը ստանում է 5 ձայն թեր, 8 դէմ, 8 ձեռնպահ: