Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/161

Այս էջը հաստատված է

պարտւելով` նրանց գլխաւորներից ոմանք հպատակութիւն յայտնեցին ռուսներին: Բայց ռուս զօրքի նահանջն սկսւելուն պէս` նրանք նորից միացան թիւրք զօրքին և կրնկակոխ հետևեցին ռուսներին: Այնուհետև նրանք մասնակից եղան այս գարնան բոլոր կռիւներին Դիլմանի շրջանում131. բայց պարտւելով` նահանջեցին հարաւ: Ձեզ քաջ յայտնի է և այն յարձակումը, որ նրանք արին ձեր զօրամասի պարէնակիր սայլերի վրայ Աբաղայի շրջանում: Ներկայումս նեղւած մթերքի պակասութիւնից քրդերը նորից հպատակութիւն են յայտնում ռուս իշխանութեան՝ անկասկած յարմար առթիւ նորից աջակցելու համար թիւրք զէնքի յաջողութեան:

Նկատելով քիւրդերի վերաբերումը դէպի ռուս զօրքն ու խաղաղ հայ ազգաբնակութիւնը, նկատելով նաև, որ 17-60 տարեկան քիւրդերը զէնքի տակ լինելով կամ համիտիէ հեծելազօր են կամ միլիցիա - նրանք պէտք է համարւեն կամ գերիներ և ուրեմն պէտք է վարւել նրանց հետ ինչպէս գերիների կամ պէտք է համարել պարզ ոճրագործներ և տալ նրանց արժանի պատիժ:

2) Ինչպէս ցոյց տւին աշնան դէպքերը՝ յիշեալ քիւրդ ցեղերը անվստահելի և վտանգաւոր տարր են ռուս զօրքի ռազմական յաջողութեան տեսակէտից: Վերահաստատելով քիւրդ տարրը ռուս բանակի թիկունքում միանգամայն վտանգւում են Ջուլֆա-Վան և Իգդիր-Վան գծերը, անյաջողութեան դէպքում Վանի շրջանում գործող ռուս զօրքը կանջատւի իր յենարանից: Չի կարելի վստահել քիւրդ տարրի զինաթափութեան. նախ նրանք յանձնում են չնչին քանակութեամբ զէնքեր և մեծ մասամբ հին կամ փչացած, երկրորդ՝ վերադառնում են գլխաւորապէս ծերունիները, կանայք և երեխաները, իսկ զէնքի ընդունակները շարունակում են մնալ լեոներում զինւած և սպառնալից: Վերադարձողները միայն դիւրութիւն կտան լեռներն ապաստանածներին արագ շարժւելու և կը հոգան նրանց ապրուստը:

3) Հաստատւելով ռուս բանակի թիկունքում՝ քիւրդերը Նորդուզի, Գեաւառի և Ջուլամերիկի գծերով ամեն դիւրութիւն կստանան կապ պահելու թիւրք բանակի հետ և լրտեսելով Ռուսաց ուժերի քանակն ու շարժումները՝ տեղեկութիւն կը տան մեր թշնամուն: Այդ լրտեսութեան դէմն առնելու ոչ մի տեխնիկական հնարաւորութիւն չկայ, քանի որ լեռնային բոլոր գծերը քրդերի ձեռքին են և անհնարին է բաւարար չափով պահակներ դնել ռուս տիրապետութեան սահմաններում, որոնք անորոշ են և բաց:

4) Քիւրդերի վերադարձից յետոյ կը խանգարւի Վանի շրջանի խաղաղութիւնը: Վերադարձողներն այն ցեղերն են, որ կոտորել ու կողոպտել են իրենց շրջանի հայերին: Մօտ 28.000 զոհերի մերձաւորները չէն կարող անտարբեր աչքով դիտել իրենց թշնամիների վերադարձը և անխուսափելի են վրիժառութեան դէպքերը, որոնք կարող են լայն ծաւալ ստանալ և աղմկել ռուս զօրքի թիկունքը: Նկատի առէք Ձերդ գերազանցութիւն, որ