դեռ քիւրդերի մօտ են գտնւում հայերից յափշտակած գոյքերը և առևանգած հարսներն ու աղջիկները, որոնց կոտորում են անձնատուր լինելուց առաջ, որ ազատւեն իրենց ոճիրների կենդանի վկաներից:
5) Թոյլ տալով քիւրդերին անպատիժ վերահաստատւել իրենց բնավայրերում՝ դրանով այն համոզումն է արմատանում նրանց մէջ, որ կարելի է անարգել կոտորել ու կողոպտել հայերին, առանց վախենալու պատասխանատւութիւնից ու պատժից: Ձեր կարգադրութիւնը անուղղակի քաջալերանք կը դառնայ նաև այն քիւրդերի համար, որոնք ապրում են դեռ չգրաւած գաւառներում և ներկայումս կռւում են ռուս զօրքի դէմ: Նրանք կր շարունակեն անխնայ կոտորել ու կողոպտել հայերին, վստահ՝ որ պարտութեան դէպքում ոչ միայն պատիժ չեն կրելու իրենց ոճիրների համար, այլ և գտնելու են հովանաւորութիւն ռուս զինւորական իշխանութեան կողմից:
6) Ձեր կարգադրութիւնը յուսահատական տպաւորութիւն կանի այն հայերի վրա, որոնք այսօր կռւում են թիւրք զօրքի և քիւրդ ցեղերի դէմ դեռ չգրաւած շրջաններում՝ աղմկելով մեր թշնամու թիկունքը: Այն գիտակցութիւնը, որ խաղաղ հայ ազգաբնակութեան կոտորողներն ու կողոպտիչները պէտք է մնան անպատիժ՝ մեծապէս թուլացնելու է նրանց դիմադրական կորովը: Սոսկալի տպաւորութիւն պէտք է անի այդ կարգադրութիւնը և թիւրքահպատակ հայ ժողովրդի վրայ, որ միակ անկեղծ ցանկացողն է ռուս զէնքի յաջողութեան Թիւրքիայում և ուժը ներածին չափ աջակցում է այդ յաջողութեան: Նա պէտք է նկատէ, որ ռուս զինւորական իշխանութիւնը նոյն աչքով է նայում թէ բարեկամ հային և թէ թշնամի քիւրդին և հովանաւորում է բարեկամ տարրի կողոպտիչներին ու կոտորողներին: Ինքներդ կարող էք դատել, թե որպիսի յուսախաբութիւն պիտի առաջ գայ հայ ժողովրդի մէջ դէպի ռուս պետութիւնը, որին նա համարել է և համարում է իր ազատարարն ու պաշտպանը քիւրդի և թիւրքի բռնութեան դէմ:
7) Վերջապէս Ձեր կարգադրութիւնը հակասում է. այն հանդիսաւոր յայտարարութեան, որ այս գարնան արին դաշնակից պետութիւնները Ռուսաստան, Ֆրանսա և Անգլիա, յայտնելով ի լուր քաղաքակիրթ աշխարհի, որ հայերի ջարդն ու կողոպուտը կազմակերպող և իրագործող անհատները անձամբ պատասխանատու են իրենց արարքների համար:
Ձեր բարեացակամ ուշադրութեանը յանձնելով վերը յիշած նկատումները՝ պարտք եմ համարում յայտնելու, որ ես դժւարանում եմ պատասխանատւութիւն յանձն առնել Վանի շրջանի անդորրութեան համար և խնդրում եմ 1) չիրագործել ձեր հրամանը, 2) արդէն անձնատուր եղած քիւրդերից պատժել այն անհատներին, որոնք կողոպտել և կոտորել են Վանի շրջանի հայերին և 3) մի ազդարարութեամբ դիմել դեռ չգրաւած վայրերի մահմեդական ազգաբնակութեանը յայտնելով, որ հայերին կոտորողներն ու կողոպտողները կենթարկւեն ամենախիստ պատիժների: